Ինչպիսի՞ն են օրգանիզմում ինսուլինի անբավարարության հետեւանքները
Advertisement 1000 x 90

Ինչպիսի՞ն են օրգանիզմում ինսուլինի անբավարարության հետեւանքները

Վատ սնվելը, չափից քիչ շարժվելը եւ քաշի չափից շատ կիլոգրամներն ազդում են մետաբոլիկ հիվանդությունների առաջացմանը, ինչպիսին է դիաբետը։ Բայց այդ փոխկապվածությունը նաեւ հակառակ կողմ ունի. այսպիսի եզրակացության է եկել հետազոտական խումբը՝ Բազելի համալսարանի կենսաբժշկության ֆակուլտետի եւ համալսարանական հիվանդանոցի դոկտոր Դենիել Զեման-Մայերի գլխավորությամբ։

Եթե ինսուլինի արտադրությունը խախտված է, ինչպես տեղի է ունենում 2-րդ տեսակի դիաբետի վաղ փուլերում, դա կարող է նպաստել ճարպակալման առաջացմանը։ Իրենց եզրակացությունների մասին հետազոտողները գրել են Nature Communications ամսագրում։

Հետազոտական խումբն ուշադրությունը կենտրոնացրել է PC1/3 պրոտեազի՝ օրգանիզմի կարեւոր ֆերմենտի վրա, որը տարբեր, ոչ ակտիվ հորմոնները վերածում է վերջնական ակտիվ ձեւերի։ Եթե այդ ֆերմենտը ինչպես հարկն է չի գործում, արդյունքը կարող են լինել լուրջ էնդոկրին խանգարումները։ Դրա հետեւանքներն են չկառավարվող քաղցի զգացողությունը եւ խիստ ճարպակալումը։

«Մինչեւ հիմա ընդունված էր կարծել, թե այդ դիսռեգուլյացիան պայմանավորված է կուշտ լինելու հորմոնների անբավարար ակտիվացմամբ,- բացատրել է հետազոտության ղեկավար, դոկտոր Զեման-Մայերը։- Բայց երբ մենք անջատեցինք PC1/3-ը մկների ուղեղում, կենդանիների մարմնի կշիռը  էապես չփոխվեց»։

Հաջորդ փուլում նրանք ստուգել են, թե կարող է արդյոք ճարպակալումը պայմանավորված լինել այլ հորմոնների ոչ ճիշտ ակտիվացմամբ։ PC1/3-ը, մասնավորապես, ակտիվացնում է ինսուլինը։ Ինսուլինը կարեւոր դեր է խաղում արյան մեջ շաքարի մակարդակի կարգավորման եւ ճարպափոխանակության գործում։

Հետազոտողներն անջատել են PC1/3-ը մկների ենթաստամոքսային գեղձի հենց ինսուլին արտադրող բետա-բջիջներում։ Կենդանիները սպառում էին զգալի չափով ավելի շատ կալորիաներ եւ շուտով հիվանդացան ճարպակալմամբ եւ դիաբետով։

Հետազոտողների խոսքով՝ այս արդյունքները հետաքրքիր են նաեւ նրանով, որ PC1/3-ը ցածր է նախադիաբետ ունեցող պացիենտների ենթաստամոքսային գեղձում։ Դա վկայում է այն մասին, որ ինսուլինի ոչ ճիշտ ակտիվացումը կարող է լինել ճարպակալման ոչ միայն հետեւանքը, այլեւ պատճառը։

Սակայն PC1/3-ը կարեւոր դեր է խաղում նաեւ առողջ մարդկանց քաշի կարգավորման գործում, ասել է հետազոտողներից մեկը։ Հետազոտողները կարողացել են ցույց տալ, որ PC1/3 գենի էքսպրեսիան ենթաստամոքսային գեղձում բացասաբար է առնչակցվում մարմնի զանգվածի հետ ընդհանուր պոպուլյացիայում, դա նշանակում է, որ PC1/3-ի բավարար քանակությունը նպաստում է մարմնի առողջ զանգվածին։

news.am