Վերջին ամիսներին հայկական առաջատար հեռուստաընկերություններից երեքը՝ «Արմենիա» TV-ն, «ATV»-ն և «Շանթ»-ը սկսեցին հնդկական արտադրության հեռուստասերիալներ ցուցադրել, որոնք լայն քննարկման, իսկ հաճախ նաև քննադատության են արժանանում սոցիալական ցանցի օգտատերերի շրջանում:
Հնդկական արտադրության հեռուստասերիալներից բողոքողները նշում են, թե դրանք «անորակ» են, «պարզունակ» են, իսկ առաջատար հեռուստաընկերությունների եթերաժամանակի մի մեծ հատված տրամադրված է այդ սերիալներին: Հեռուստաընկերություններից քննադատություններին հակադարձում են, որ հնդկական հեռուստսերիալները լայն պահանջարկ, բարձր վարկանիշ ունեն: Բացի այդ, մասնավոր հեռուստաընկերությունները գեղագիտական ճաշակ ձևավորելու պարտավորություն չունեն, ինչպես՝ պետականները:
Հնդկական սերիալներ ցուցադրելու դրդապատճառները պարզելու նպատակով Life.panorama.am-ը կապ հաստատեց «Պանարմենիան մեդիա գրուպ»-ի կազմում գտնցող «Արմենիա» TV-ի և «ATV»-ի հասարկայնության հետ կապերի պատասխանտուի հետ:
««Արմենիա Թի-Վի»-ն և «Ա Թի-Վի»-ն առաջարկում են բազմաֆորմատ հաղորդումներ՝ քաղաքական նախագծերից մինչև սեփական արտադրության հեռուստասերիալներ, որոնք ամենադիտվողն ու վարկանիշայինն են մեդիա ոլորտում: Հնդկական հեռուստասերիալներն էլ բացառություն չեն, դրանք բարձր վարկանիշ են ունեցել աշխարհի տարբեր երկրներում: «Արմենիա Թի-Վի»-ի եթերում այժմ ցուցադրվում է երկու հնդկական հեռուստանովել՝ «Ի՞նչ կոչել այս սերը» և «Թռիչք»: Եվս մեկ հեռուստանովել՝ «Կնոջ ուժը»-ը Ա Թի-Վի-ի եթերում է: «Ի՞նչ կոչել այս սերը» հեռուստանովելը նվաճել է ամբողջ աշխարհը, այն վերջին տարիներին նկարված հնդկական սերիալների վերին տասնյակում է»,-նշված է «Պանարմենիան մեդիա գրուպ»-ի պատասխանում:
Հեռուստաընկերությունից նշել են, որ արդեն 10 տարի է՝ համագործակցում են Գլոբո Թի-Վի ընկերության հետ, ինչի արդյունքում «Արմենիա Թի-Վի»-ի եթերում են եղել ամենավարկանիշային հեռուստանովելները՝ «Կլոն», «Բրազիլիայի պողոտան», «Խիզախ կինը» և այլն:
Հավելենք, որ «Շանթ» հեռուստաընկերության մեկնաբանությունը կներկայացնենք առաջիկայում: