Մասնագետներն աղը հաճախ անվանում են «սպիտակ մահ», քանի որ այն կործանարար ազդեցություն է թողնում մարդու օրգանիզմի վրա, եթե դրա օրական նորմը գերազանցում է 5 գրամն առողջ մարդկանց եւ 2,5 գրամը հիպերտոնիկների համար։
Շատ բժիշկներ խորհուրդ են տալիս աղն օգտագործել որքան հնարավոր է քիչ կամ ընդհանրապես բացառել այն սննդաբաժնից, բայց ռուս սննդաբան Մարիա Գերասիմովան խորհուրդ է տալիս չհրաժարվել աղից ընդհանրապես, գրել է Лента.ру-ն։
Մասնագետը նշել է, որ աղը բացառելը կարող է հանգեցնել ինքնազգացողության վատացման, թուլության եւ ցնցումների։
Սննդաբանը բացատրել է, որ քլորն աղի մեջ անհրաժեշտ է աղաթթվի արտազատման համար, որը ստամոքսահյութի հիմնական բաղադրիչն է։ Նատրիումն իր հերթին մասնակցում է նյարդային ազդակների հաղորդմանը։
Գերասիմովայի խոսքով՝ առանց աղի դիետա մասնագետները կարող են նշանակել միայն կոնկրետ դեպքերում։ Բացի այդ, սննդաբանը խորհուրդ չի տվել աղ անել մեկ տարեկանից փոքր երեխաների կերակուրներին, իսկ մյուսներին աղն անհրաժեշտ է օրական նորմի սահմաններում, տեղեկացրել է Med Novelty-ն։