Disney-ը հրապարակել է 2019 թվականի «Առյուծ արքա» ֆիլմի պրիքվելի ամբողջական անվանումը։ D23 Expo փառատոնի շնորհանդեսի ժամանակ ռեժիսոր Բարրի Ջենքինսը պարզաբանել է, որ նախագիծը կոչվելու է «Մուֆասա․ Առյուծ արքա» եւ կինոթատրոններում կհայտնվի 2024 թվականին:
Հաղորդվում է, որ պատմությունը տեղի կունենա տարբեր ժամանակաշրջաններում եւ կպատմի Մուֆասայի ծագման պատմությունը, երբ նա դառնում է թագավորական ընտանիքի անդամ: Շնորհանդեսին ներկա մարդկանց ցուցադրվել է նաեւ պատրաստի նյութից հավաքված կարճ թիզեր:
Թիզերը սկսվում է մի դրվագով, որտեղ երիտասարդ Մուֆասային տանում է ինչ-որ ջրային հոսանք: Եվ ավարտվում է Թիմոնի եւ Պումբաայի կատակով. «Մենք չկա՞նք այս ֆիլմում»:
«Ես մեծացել եմ այս կերպարներով, նրանք ինձ համար շատ մեծ նշանակություն ունեն: Կարծում եմ, որ սցենարիստ Ջեֆ Նաթանսոնի աշխատանքը երեխաներին եւ բոլոր նրանց, ովքեր երբեւէ սիրել են այս պատմությունը, հնարավորություն է տալիս հասկանալու, որ թագավորները հենց այնպես չեն ծնվում: Նրանք պետք է դառնան այն, ինչ կան՝ անցնելով մի շարք իրադարձությունների միջով: Այնպես որ, այդ տեսանկյունից այս ֆիլմը շատ լավ համապատասխանում է այն ամենին, ինչ ես արել եմ: Այդ իսկ պատճառով որեւէ ճնշում չեմ զգում, ուղղակի ուզում եմ լավ աշխատանք կատարել»,- մեկնաբանել է ռեժիսորը։
Ջոն Ֆավրոյի կողմից նկարահանված լիամետրաժ ֆիլմը հիմնված է Դիսնեյի համանուն մուլտֆիլմի վրա։ Աշխատանքի ընթացքում օգտագործվել է եզակի նկարահանման համալիր, որը հնարավորություն է տվել իրական ժամանակում մոդելավորել կերպարներին շրջապատող միջավայրը։ Ֆիլմը մեծ հաջողություն է ունեցել կինովարձույթում՝ հավաքելով ավելի քան 1,6 միլիարդ դոլար եւ նոմինացվել տարբեր հեղինակավոր մրցանակաբաշխություններում։