Ամերիկացի հետազոտողները վերջերս հայտարարել են, որ վիտամին D-ի մշտական օգտագործումը, չնայած խորհուրդ է տրվում այն օգտագործել ոսկրերի ամրության համար, եւ օմեգա-3 ճարպաթթուների հավելումն ընդհանուր առմամբ չեն կանխում տարեց մարդկանց փխրունությունը։
Նրանք ներկայացրել են իրենց հնգամյա հետազոտության արդյունքները, որոնք ցույց են տվել, որ հակաբորբոքային հավելումներից ոչ մեկը ոչ մի ազդեցություն չի ունենում թուլության վրա։
Ըստ որոշ գնահատականների՝ այդ վիճակը վերաբերում է 85 եւ բարձր տարիքի տարեցների կեսին՝ նվազեցնելով արտաքին սթրեսային գործոնների ազդեցությունը հաղթահարելու նրանց ունակությունը եւ հանգեցնելով առողջության վատացման բարձր ռիսկի։
Այսպիսի եզրահանգման գալու համար հետազոտողներն ուսումնասիրել են VITamin D and OmegA-3 TriaL կլինիկական հետազոտության տվյալները, որը հայտնի է որպես VITAL, որին մասնակցել է ԱՄՆ մոտ 26 000 մեծահասակ բնակիչ։ VITAL-ը նաեւ գլխավորում են Բրիգհեմի եւ Կանանց հիվանդանոցների հետազոտողները։
Հետազոտությունը հրապարակվել է JAMA Network Open ամսագրում։
Հետազոտողների խոսքով՝ նոր արդյունքները համաձայնեցվում են նախորդ հետազոտությունների արդյունքների հետ, որոնք էական տարբերություններ չեն հայտնաբերել փխրունության տարածվածության կամ մակարդակի միջեւ այն դեպքերում, երբ ընդունվել են վիտամին D3 եւ օմեգա-3 ճարպաթթուներ կամ դատարկահաբ։
Հետազոտության 50 եւ բարձր տարիքի մասնակիցները, որոնցից ոչ մեկը քաղցկեղ կամ սիրտ-անոթային հիվանդություններ չուներ, լրացրել են հարցաթերթիկներ հետազոտությունն սկսվելուց առաջ, այն սկսվելուց վեց ամիս հետո եւ ամեն տարի՝ հինգ տարվա ընթացքում։
Փխրունությունը թուլությունն է եւ սուր սթրեսներից հետո վերականգնվելու ավելի փոքր ունակությունը, այն գնահատվել է «Փխրունության ինդեքս» գործիքի օգնությամբ՝ ըստ այնպիսի ցուցանիշների, ինչպիսին են ֆիզիկական ֆունկցիան, ճանաչելը, տրամադրությունը եւ առողջության ընդհանուր վիճակը։
Հետազոտական խումբը տարեց մարդկանց հորդորել է մշտապես զբաղվել ֆիզիկական վարժություններով, բուսական սնունդով հարուստ դիետա պահել, ներառյալ ձիթայուղը, մրգերը եւ բանջարեղենները, ամբողջահատիկ ցորենն ու ընկույզները։ Սա ստուգված միջոց է։