Երաժիշտ Միքայել Ոսկանյանը, ով այժմ գտնվում է Բեռլինում՝ ելույթ ունենալու Համբոլտ ֆորում թանգարանում, ինստագրամյան էջում հրապարակում է արել՝ խոսելով իր ելույթի մասին:
«Այս ծանր ժամանակներում, երբ իմ հայրենիքը լայնամասշտաբ պատերազմի միջով է անցնում, ես այստեղ եմ՝ Բեռլինում՝ սեպտեմբերի 16-ին եւ 18-ին ելույթ ունենալու նպատակով: Այս ելույթն ինձ համար չափազանց կարեւոր էր, քանի որ սա իմ նոր անհատական նախագծի մեկնարկն է եւ հայկական երաժշտության մասին կատարողական դասախոսություն է ներառում:
Որպես իմ մշակույթի ներկայացուցիչ եւ արվեստագետ, ես իմ պարտքն եմ համարում, յուրաքանչյուր հնարավորության դեպքում, ներկայացնել իմ երկրի մշակույթը՝ աշխարհի ցանկացած անկյունում, ինչը ես կանեմ Բեռլինի մշակութային շաբաթվա ընթացքում կայանալիք իմ ելույթով:
Ելույթը կկայանա Համբոլտ ֆորում թանգարանում, սակայն սիրտս ու հոգիս այս պահին Հայաստանում են»,- գրել է երաժիշտը: