Ամերիկացիների մոտ 10 տոկոսը տառապում է դեպրեսիայով. հետազոտություն
Advertisement 1000 x 90

Ամերիկացիների մոտ 10 տոկոսը տառապում է դեպրեսիայով. հետազոտություն

Ամերիկացիների մոտ 10 տոկոսը տառապում է դեպրեսիայով, ընդ որում՝ ամենից շատ տրամադրության այդ խանգարումը տարածվում է դեռահասների եւ երիտասարդների շրջանում, նշվել է նոր հետազոտությունում, որի արդյունքները հրապարակվել են American Journal of Preventive Medicine ամսագրում։

2015-2020թթ. դեպրեսիայով հիվանդացությունը 12 եւ ավելի բարձր տարիքի ամերիկացիների շրջանում հասել է 9 տոկոսի։ Դեռահասների եւ երիտասարդների շրջանում դեպրեսիայի մակարդակը կազմել է 17 տոկոս 2020թ., նշել են հետազոտողները։

«Դեպրեսիան խիստ տարածված է ԱՄՆ-ում եւ հասել է համաճարակի մակարդակի»,- նշել է առաջատար հետազոտող, Նյու Յորքի Քաղաքային համալսարանի հանրային առողջապահության եւ առողջապահության քաղաքականության բարձրագույն դպրոցի պրոֆեսոր Ռենե Գուդվինը։

Թմրանյութերի օգտագործման եւ առողջության ազգային հետազոտության 2015-2020թթ. տվյալների համաձայն՝ դեպրեսիան այդ թվականներին ամենից արագ տարածվել է 12 եւ բարձր տարիքի դեռահասների եւ երիտասարդների շրջանում, մինչդեռ 35 եւ բարձր տարիքի մարդկանց շրջանում այդ ցուցանիշն անփոփոխ է մնացել։

Հետազոտողները նշել են, որ 2020թ. առաջին տվյալները նշում են, որ COVID-19 համավարակը վատացրել է հոգեկան առողջության վիճակն ԱՄՆ-ում։

Դեպրեսիան ինքնասպանությունների եւ ինքնասպանությունների փորձերի հիմնական պատճառն է, եւ միանգամայն հնարավոր է, որ ԱՄՆ-ում նկատվող ինքնասպանությունների թվի աճը կարող է կապված լինել դեպրեսիայի աճող տարածվածության հետ, ասել է Գուդվինը։

Հետազոտողը տարակուսանք է հայտնել դեռահասների եւ երիտասարդների շրջանում դեպրեսիայի նկատելի աճի առումով։ Նրա խոսքով՝ դա կարող է լինել ընտանիքում դեպրեսիայի հետ կապված պատմություն կամ մեկ այլ տրավմա։

Գիտնականները նշել են, որ դեպրեսիան դրսեւորվում է շատ ախտանշաններով, եւ այն միանման չէ բոլոր մարդկանց համար։ Ընդհանուր նշաններն են տխրությունը, հետաքրքրության կամ սովորական գործունեությունից գոհունակության կորուստը, քնի հետ կապված խնդիրները, ախորժակի բացակայությունը եւ ուշադրության կենտրոնացման հետ կապված դժվարությունները։ Բայց դեպրեսիան կարող է նաեւ արտահայտվել գրգռվածությամբ, անվճռականությամբ, կենտրոնանալ չկարողանալով, անհուսության, անտարբերության զգացողություններով եւ էներգիայի բացակայությամբ։ Ախտանշանները հաճախ շատ տարբեր են՝ կախված տարիքից եւ այլ գործոններից։

news.am