«Չեմ խանդել և որևէ լարվածություն չի եղել պայմանավորված նրանով, որ Մարիամը և Կարենը մարմնավորել են սիրային զույգի». Միկա Ղափլանյանը՝ կերպարի և կնոջ հետ նույն նախագծում նկարահանվելու մասին. tert.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Չեմ խանդել և որևէ լարվածություն չի եղել պայմանավորված նրանով, որ Մարիամը և Կարենը մարմնավորել են սիրային զույգի». Միկա Ղափլանյանը՝ կերպարի և կնոջ հետ նույն նախագծում նկարահանվելու մասին. tert.am

Օրեր առաջ էկրաններին է բարձրացել «Կհանդիպենք անտառի տնակում» հեռուստանովելի 2-րդ եթերաշրջանը:
Tert.am Life-ի հետ զրույցում Միկա Ղափլանյանը պատմել է իր կերպարի, նկարահանումների ընթացքի, իր կնոջ՝ Մարիամ Ադամյանի հետ նկարահանվելու և հետաքրքիր միջադեպերի մասին:
«Կերպարս բավականին հետաքրքիր գծեր ունի, բայց առանձնահատուկ է, որ յուրովի շատ երույթներից խորշում է: Պատկերացրեք մի երիտասարդի, որը գերմաքրասեր է, շատ երևույթներից խորշող, բայց պետք է օրեր շարունակ ապրի գյուղում: Դրանով իսկ պայմանավորված՝ շատ հետաքրքիր միջադեպեր են գրանցվում: Ես ինքս այդպիսին չեմ»,- ասաց Միկա Ղափլանյանը:

Նկարահանումներն անցել են Լոռվա Քարինջ գյուղում, իսկ Միկա Ղափլանյանը շեշտեց, որ քաղաքից դուրս նկարահանվելն ու աշխատելը եղել է դրական գործընթաց:
«Չեմ հիշում վերջին շրջանում նախագիծ, որի շրջանակներում ստացել եմ այսքան դրական էմոցիաներ ու հուշեր: Ես հասցրել եմ և՛ նկարահանվել, և՛ հանգստանալ: Դերասանական կազմի մեծամասնությունն էլ իմ ընկերներն են, մասնավորապես Վարուժ Մարգարյանի հետ արդեն որերորդ նախագիծն է, որ խաղում ենք միասին,- նշեց նա և հավելեց, որ ընկերների հետ նկարահանումներն անցնում են ավելի հետաքրքիր:

«Դա միմիայն հեշտացնում է նկարահանման ընթացքը, երբ դերասանները ընկերներդ են, որոնց հետ տարբեր նախագծերի շրջանակում հասցրել եմ նկարահանվել: Մտածում եմ, որ քաղաքից դուրս նկարահանումներն էլ ևս պետք է ավելի հաճախ լինեն, քանի որ լիովին ներգրավվում ես այդ գործընթացի մեջ»,- նշել է դերասանը:
Միկա Ղափլանյանն ընդգծեց, որ միակ դժվարությունը եղել է շուտ քնելը:
«Երեկոյան հավաքվում էինք ընկերներով ու շատ հետաքրքաշարժ դեպքեր ենք ունեցել, մասնավորապես Իրինա Այվազյանի հետ: Միակ դժվար օրը եղել է, երբ պետք է լուսադեմ 6-ին լինեի նկարահանման հրապարակում, իսկ ընդհանուր շատ հետաքրքիր և թեթև է եղել: Անգամ հագուստի տեսանկյունից ես ամբողջ նկարահանման ընթացքում եղել եմ մեկ հագուստով, քանի որ կերպարս եկել էր քաղաքից և պետք է մնար գյուղում՝ իր հետ չունենալով այլ հագուստ»,- մանրամասնեց դերասանը:

Նշենք, որ գլխավոր հերոսուհուն մարմնավորում է դերասանուհի Մարիամ Ադամյանը, որը Միկա Ղափլանյանի կինն է:
«Իրականում, թե՛ ես, թե՛ Մարիամը չենք ցանկանում սերիալներում մարմնավորել սիրային զույգի: Հեռուստանովելում գլխավոր հերոսին մարմնավորում է Կարեն Ճաղարյանը, որն իմ լավ կուրսեցին է և ընկերը: Չեմ խանդել և որևէ լարվածություն չի եղել պայմանավորված նրանով, որ Մարիամը և Կարենը մարմնավորել են սիրային զույգի»,- եզրափակեց Միկա Ղափլանյանը:

tert.am