Կյանքից հեռացել է կինոգետ, թատերագետ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սուրեն Հասմիկյանը։
Այս մասին հաղորդագրություն է հրապարակել Հայաստանի թատերական գործիչների միության «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում:
Սուրեն Հասմիկյանը (Սուրեն Հակոբյան) ծնվել է 1935 թվականին Երևանում։ Դեռ մանկուց որոշել էր՝ արվեստի որևէ ճյուղով զբաղվելու դեպքում, ի պատիվ տատի, ընտրել «Հասմիկյան» կեղծանունը, որը հետագայում դարձավ նրա «պաշտոնական» ազգանունը։
1957 թվականին ավարտել է ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետի ռուս գրականության բաժինը։ 1961 թվականին Մոսկվայում ավարտել է ասպիրանտուրան՝ կինոգիտության գծով։ Եղել է առաջին կինոգետներից, որը գիտական ուսումնասիրության առարկա է դարձրել հայ կինոն։ 1960-ականներին աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում՝ որպես խմբագիր։ 1971-1982 թվականներին եղել է Հայաստանի Պետկինոյի գլխավոր խմբագիրը։ 1989 թվականից Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության կինոքննադատների կոլեգիայի նախագահ։ 1968-1978 թվականներին հեռուստատեսությունում վարել է հայ կինոյին նվիրված հաղորդաշար։ 1991 թվականին նկարահանվել է Վիգեն Չալդրանյանի «Ձայն բարբառոյ…» ֆիլմում։