Դիետոլոգները խորհուրդ չեն տալիս աշնանը որեւէ դիետայի հետեւել, քանի որ ամռանը ձեռք բերած բազմաթիվ սննդարար նյութեր կորցնելու վտանգ կա: Այդ պատճառով հրաժարվեք մոնո-դիետաներից, քաղցած մնալուց, սննդային խիստ սահմանափակումներից: Հետեւեք հավասարակշռված սննդակարգի՝ դրան ավելացնելով սեզոնային բանջարեղեն:
Մի քանի խորհուրդ աշնանայի դիետայի համար
Սննդակարգում ներառեք դդում, կաղամբ, ստեպղին, լոլիկ, սմբուկ: Ձգտեք գնել այնպիսի բանջարեղեն, որոնք աճում են ձեր տարածաշրջանում, քանի որ ներկրվող բանջարեղենը հաճախ հավաքում են դեռ չհասած, հետեւաբար՝ դրանք բավական քիչ վիտամիններ են պարունակում:
Մրգերից նախապատվությունը տվեք խնձորին. աշնանն այս մրգից օգուտն ավելին է, քան ցանկացած այլ եղանակի:
Կիսաֆաբրիկատների փոխարեն թարմ միս եւ ձուկ օգտագործեք: Սահմանափակեք նաեւ հացաբուլկեղենի չափը, ավելի լավ է սեւ հաց ուտել:
Աշնանն ավելորդ կիլոգրամներ չհավաքելու համար քաղցրեղենի քանակությունը նույնպես պետք է սահմանափակել, քանի որ ցրտերի հետ շարժողական ակտիվությունը նվազում է:
Հնարավորության դեպքում բեռնաթափման օրեր կազմակերպեք, բայց չափը չանցնեք:
Մի մոռացեք, որ նիհարելու համար ջուր խմել պետք է ոչ միայն ամռան շոգին, այլեւ ամբողջ տարի: Օրական առնվազն 2 լիտր մաքուր ջուր խմեք, կանաչ կամ կոճապղպեղով թեյ, կարելի է նաեւ կիտրոնով:
Այս ընդհանուր խորհուրդներին ավելացնենք նաեւ հետեւյալը. աշնանը, հատկապես անձրեւոտ եղանակին, շատերը քաղցրեղենի պահանջ են ունենում: Դիետայից շատ չշեղվելու եւ արդյունավետ նիհարելը շարունակելու համար ջեռոցում կաթնաշոռային, կաթնաշոռա-դդմային կամ պանրով կարկանդակներ թխեք: