Բոլոր ամուսնությունները, ինչ եմ ասում՝ բոլոր լուրջ եւ երկարատեւ հարաբերություններն իրենց մեջ նույն խութերն են պարունակում: Ոմանք ոտքը դնում են դրանց վրա եւ գոռում են անսպասելիությունից, ցավից, վիրավորանքից: Իսկ ուրիշները դրանք զգուշորեն բարձրացնում են եւ մի կողմ դնում: Ուղղակի պատրաստ եղիր ու ժամանակին ապահովագրիր քեզ:
Նույնիսկ եթե սկզբում, երբ ամեն ինչ նոր էր, դուք սեքսուալ առումով լիովին համընկնում էիք, հետագայում ոչ միշտ կուզենաք սեռական հարաբերություններ ունենալ միեւնույն ժամին եւ նույն քանակությամբ: Խառնվածքների տարբերությունը, հոգնածությունը, բիոռիթմերը, լուսնի փուլերն ու մոլորակների շքերթները, մեկը սիրում է առավոտները սեր անել, մյուսը նախընտրում է երկար քնել… Դա բնական գործընթաց է: Ստիպված կլինեք պայմանավորվել եւ փոխզիջումներ գտնել:
Դուք երկուսդ էլ ավելի քիչ կշփվեք ընկերների հետ, երբ ձեր կյանքում հայտնվի ձեր երկրորդ կեսը: Առողջ բանականություն ունեցող ոչ մեկը չի ուզում կանգնել մարդու եւ նրա համար թանկ մարդկանց միջեւ, բայց այնպես է ստացվում, որ ձեր համատեղ պլանները հաճախ չեն հարմարվում հին ընկերների հետ հավաքույթներին:
Շատերը հակված են այն կարծիքին, որ N տարվա ամուսնական կյանքից հետո այլեւս պետք չէ չափից շատ հոգ տանել արտաքինին, որովհետեւ այլ բաներ ավելի կարեւոր են դառնում, քան գեղեցիկ պատկերը: Գնալով ավելի քիչ շպար ու մազահարդարում, ավելի շատ հարմարավետ հագուստ:
Նույնիսկ ամենախիստ գեղագետները սովորում են ինչ-որ մեկին սիրել ոչ թե արտաքին, այլ ներքին գեղեցկության համար, զուգընկերոջը գնահատել որպես անհատականություն: Նա գիրանում է, ճաղատանում, բայց դու ավելի ու ավելի ես սիրահարվում նրան, որովհետեւ ավելի լավ ես ճանաչում ու տեսնում, թե ինչ բարեհոգի, սրամիտ, խորապես օրինավոր եւ հոգատար մարդ է… Սերը հենց դա է:
Երբեք չի խանգարի եւս մեկ անգամ հիշեցնել սիրո մասին: Ոչ ոք չի ուզում, որ իրեն ընկալեն որպես տան կահավորման մի մաս:
Որքան էլ տարօրինակ թվան նրա հարազատները, պիտի հաշտվեք դրան: Միեւնույն է՝ սեզոնային զեղչերի ժամանակ չի կարողանա իր համար այլ ազգականներ գնել:
Սիրելիի հետ վեճից հետո ընկերուհիների հետ բոլոր վեճերն ուղղակի կատակ կթվան: Այդ հարաբերությունները քեզ համար հարյուր անգամ ավելի կարեւոր են, դրա համար էլ դրանցում ցանկացած խնդիր կարող է բնակարանի սահմաններում Աշխարհի վերջի վերածվել:
Փոխարենը կա այնպիսի մեկը, որի պարանոցին կարող ես սեղմել քիթդ եւ որի վրա քնի մեջ կարող ես ոտքդ գցել, եւ դա շատ բան է քավում: