Կետո դիետա եւ միջանկյալ ծոմապահություն․ ինչո՞վ են օգտակար կամ վնասակար
Advertisement 1000 x 90

Կետո դիետա եւ միջանկյալ ծոմապահություն․ ինչո՞վ են օգտակար կամ վնասակար

Մոդայիկ դիետաները կարող են չափից ավելի շատ ճարպեր պարունակել, որոնք վնասում են սիրտը։

Սակայն հետազոտողները նշում են, որ կետոգեն դիետան եւ միջանկյալ ծոմապահությունը կարող են օգտակար լինել սրտի առողջության համար: Բայց միեւնույն ժամանակ նրանք նաեւ պնդում են, որ դրանց օգուտները դժվար թե գերազանցեն սննդակարգի ազդեցությունը, որն այսօր բժիշկները խորհուրդ են տալիս սրտանոթային հիվանդությունների կանխարգելման համար: Այս հարցի վերաբերյալ խոշոր ակնարկ է հրապարակվել The American Journal of Medicine-ում:

ԿԵՏՈ ԴԻԵՏԱ

Կետո դիետան շատ քիչ ածխաջրեր է պարունակում եւ շատ ճարպեր: Սա հանգեցնում է նրան, որ օրգանիզմում նյութափոխանակությունը փոխվում է։ Օրգանիզմը սկսում է ավելի շատ էներգիա ստանալ ոչ թե գլյուկոզայից, այլ կետոնային մարմիններից, որոնք առաջանում են ճարպի քայքայման ժամանակ։

Այսօր առկա գիտական ​​ապացույցները հաստատում են կետո դիետան որպես քաշի կորստի գործոն: Միեւնույն ժամանակ, գիտնականները դեռեւս չեն կարողանում պատասխանել, թե որն է ավելի լավ՝ կետո դիետան, թե կալորիաների սահմանափակմամբ ավելի տարածված դիետան:

Կետո դիետան լավ արդյունքներ է ցույց տալիս շաքարախտի բուժման գործում։ Որոշ գիտական ​​աշխատություններ ցույց են տվել, որ այն օգնում է նվազեցնել արյան մեջ շաքարի մակարդակը: Այնուամենայնիվ, այս սննդային ազդեցությունը պետք է հաստատվի ավելի մեծ ուսումնասիրություններով:

Կետո դիետայի հետ կապված ռիսկն այն է, որ այն պահողները հաճախ իրենց սննդակարգի համար ընտրում են անառողջ, հագեցած ճարպեր: Սա կարող է մեծացնել սրտի հիվանդության վտանգը:

ՄԻՋԱՆԿՅԱԼ ԾՈՄԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Այս մեթոդը թույլ է տալիս մարդկանց ուտել ցանկացած բան, սակայն սահմանափակում է ուտելու ժամանակը օրական մի քանի ժամով։

Գիտնականները նշել են, որ դիետայի այս մեթոդը կարող է ուղեկցվել քաղցով՝ հանգեցնելով չափից շատ ուտելու: Նույն պատճառով մարդիկ կարող են ընտրել անառողջ մթերքներ, որոնք կարող են հանգեցնել սրտանոթային հիվանդությունների:

Միջանկյալ ծոմապահության վերաբերյալ հետազոտությունների մեծ մասը կատարվել է կենդանիների վրա: Կան ապացույցներ, որ այս դիետան կարող է օգնել երկարացնել կյանքը, նվազեցնել քաշը, իջեցնել արյան ճնշումը, բարելավել գլյուկոզի եւ լիպիդային նյութափոխանակությունը: Ընդհանուր առմամբ, գիտնականները դրական են գնահատում միջանկյալ ծոմապահության ապագան: Բայց նրանք զգուշացնում են, որ երկարաժամկետ հեռանկարում դա կարող է ունենալ նոր կողմնակի ազդեցություններ։

ՀԵՏԱԶՈՏՈՂՆԵՐԻ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

Մի կողմից, ըստ գիտնականների, երկու դիետաներն էլ օգնում են մարդկանց նիհարել։ Մյուս կողմից էլ, դրանք կարող են հանգեցնել մեծ քանակությամբ անառողջ մթերքների օգտագործման, որոնք մեծացնում են սրտանոթային հիվանդությունների առաջացման ռիսկը։

Ամեն դեպքում, միջանկյալ ծոմապահությունն ու կետո դիետան ավելի օգտակար չեն սրտի համար, քան միջերկրածովյան դիետան, բուսական դիետան եւ DASH դիետան, ասում են մասնագետները:

news.am