«Ամեն տարի գարնանը» հեռուստասերիալի ստեղծագործական կազմն օրերս Կապանում էր։ Խումբը Սյունիք էր մեկնել դիրքերում գտնվող դերասան Գեւորգ Գրիգորյանի հետ նկարահանումները շարունակելու նպատակով։ Տեսարանի գլխավոր հերոսները՝ Արսենն ու Մարին էին, որոնց մարմնավորում են Գեւորգ Գրիգորյանն ու Ռոմելա Սարգսյանը։ NEWS.am STYLE-ի հետ զրույցում Ռոմելան պատմել է սահմանին ապրած իր զգացողությունների եւ իր կերպարի հետ նմանությունների մասին։
«Երբ սահմանին էի, առաջին զգացողությունը, հատկապես, հիմա՝ ափսոսանքն էր․․․ Ես Կապանում էլի էի եղել, բայց այս անգամ այլ աչքերով նայեցի քաղաքին։ Այն անսահման գեղեցիկ է, ասես լեռների կենտրոնում գտնվի։ Երբ կանգնած ես սահմանին, ափսոսանք ու ցավ ես զգում, չես ցանկանում կորցնել։ Առաջին բանը, որ զգացի, այն է, որ ես չեմ ուզում, որ մեր հայրենիքից ոչ մի միլիմետր հայտնվի թշնամու ձեռքերում»,-պատմեց դերասանուհին։ Նա հավելեց, որ վախի զգացողությունը հաղթահարել է աղոթքի շնորհիվ․ վստահ է եղել, որ նկարահանումները բարեհաջող են ավարտվելու։
«Մոտ երկու օր մնացինք Կապանում, աշխատանքային գրաֆիկը բավական ծանր էր, տեսարանները՝ շատ, հատկապես Գեւորգի տեսարանները, ու պիտի կարողանայինք ժամանակի մեջ տեղավորվել։ Ծանր գրաֆիկ ենք ունեցել, բայց, բարեբախտաբար, կարողացանք ամեն բան հասցնել»։
Կապանում սերիալային զույգի տեսարանները բավական էմոցիոնալ են եղել։ Խոսելով իր կերպարի զգացմունքային կողմի մասին՝ Ռոմելան նշեց, որ հաճախ Մարիի միջոցով արտահայտվում է սեփական հուզմունքը․
«Կարծում եմ՝ դերասանը ցանկացած կերպար մարմնավորելիս իրենից ինչ-որ բան դնում է նրա մեջ։ Օրինակ՝ ես ինքս էլ շատ զգացմունքային մարդ եմ, շատ շուտ հուզվում եմ, եւ երբեմն որոշ տեսարաններում, իսկապես, լաց եմ լինում։ Այս մասնագիտությունն այնպիսին է, որ անհնար է քեզանից ոչինչ չդնես կերպարիդ մեջ, հակառակ դեպքում ամեն ինչ սուտ կստացվի, իսկ դա հեռուստադիտողը շատ շուտ է նկատում։ Իսկ կերպարս ինձ սովորեցրել է պայքարել, բայց ոչ թե սեփական օգուտի համար, այլ՝ հանուն սիրելիների, ինչի արդյունքում երբեմն, գուցե, զոհես սեփական երջանկությունդ։ Կյանքում միայն տղամարդ-կին հարաբերությունները կարեւոր չեն, մենք ունենք ընտանիք, ընկերներ, մարդիկ, որոնց չենք ցանկանում ցավ պատճառել․․․»։
Ամբողջությամբ՝ style.news.am