D վիտամինի անբավարարությունը կապված է վաղաժամ մահվան հետ. հետազոտություն
Advertisement 1000 x 90

D վիտամինի անբավարարությունը կապված է վաղաժամ մահվան հետ. հետազոտություն

Հարավային Ավստրալիայի համալսարանի գիտնականները հայտնաբերել են կապ D վիտամինի մակարդակի եւ մահացության միջեւ։ Նրանց եզրակացությունների համաձայն՝ արյան մեջ D վիտամինի 25 նմոլ/լ պարունակության դեպքում վաղաժամ մահվան հավանականությունը մեկ քառորդով ավելի բարձր է, քան 50 նմոլ/լիտրի դեպքում։ Նրանց աշխատանքի արդյունքները հրապարակվել են Annals of Internal Medicine ամսագրում։

D վիտամինի ազդեցությունն առողջության վրա ուսումնասիրվում է վաղուց։ Գոյություն ունեն ինչպես համոզիչ ապացույցներ, որ այս նյութը կենսականորեն կարեւոր է, այնպես էլ այս մտքի հերքումներ։ Գիտնականներից ոմանք հավաստիացնում են, որ այս նուտրիտենտն անհրաժեշտ է իմունային համակարգի աշխատանքի համար։ Մյուսները հերքում են դրա ազդեցությունը հիվանդություններին օրգանիզմի դիմադրողականության վրա։

Ավստրալացի գիտնականներն ուսումնասիրել են 37-73 տարեկան ավելի քան 300 հազար մարդու տվյալները 14 տարվա ընթացքում։ Հեղինակները դիտարկել են փորձարկվողների D հիդրոքսիվիտամինի (25-OH-D) ցուցանիշները։ Գրանցվել եւ ուսումնասիրվել է բոլոր պատճառներից մահվան մասին տեղեկությունը։

Պարզվել է, որ մահվան ռիսկը զգալիորեն նվազել է D վիտամինի բարձր կոնցենտրացիայի դեպքում։ Առավել արտահայտված հարաբերակցություն նկատվել է ծանր դեֆիցիտ ունեցող մարդկանց մոտ՝ նրանց մահվան հավանականությունը բարձրացել էր 25 տոկոսով։

«Մենք գտել ենք փաստեր, որոնք հաստատում են, որ D վիտամինի պակաս ունեցող մարդիկ ավելի հաճախ են մահանում, եւ այն, որ բարձրացնելով D վիտամինի մակարդակն այդ մարդկանց մոտ՝ մենք կարող ենք նվազեցնել այդ ռիսկը»,- ասել է հետազոտության հեղինակ, փիլիսոփայության դոկտոր, Հարավային Ավստրալիայի համալսարանի պրոֆեսոր Էլինա Հիպոնենը։

Հետազոտության հեղինակները նշել են, որ վերջերս կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ բնակչության 50 տոկոսը կարող է D վիտամինի անբավարարություն ունենալ՝ կախված աշխարհագրական դիրքից։

med.news.am