Մեծ Բրիտանիայի բնակչուհին մարգարեական երազի շնորհիվ գտել է անհետացած կատվին: Այս մասին հայտնում է Daily Star-ը։
50-ամյա Նիկի Մայրինգ-Թոմասը չափազանց անհանգստացած էր Ինկա անունով կատվի կորստով։ Կենդանին չորս օր տանը չէր հայտնվել։
Փախած ընտանի կենդանուն գտնելու համար բրիտանուհուն օգնել է, ինչպես ինքն է պնդում, մարգարեական երազը։ Կինը երազում տեսել է, որ կատուն փակված է եկեղեցում: Այս երազը տեսնելով՝ կինը արթնացել է առավոտյան ժամը չորսին, այնուհետև նորից քնել։ Առավոտյան Մայրինգ-Թոմասը գնացել է իր տնից ոչ հեռու գտնվող Սուրբ Դավիթ եկեղեցի և սկսել է ընտանի կենդանուն կանչել։ Ի պատասխան՝ նա մլավոց է լսել։ Ինկան ցատկել է պատուհանի վրա։ «Ես անմիջապես հասկացա, որ դա իմ կատուն է», – ասել է նա:
Մայրինգ-Թոմասը նշել է, որ ճանապարհից չէր լսի Ինկայի մլավոցը, և կատուն չէր կարողանա դուրս գալ առանց արտաքին օգնության, եթե չլիներ մարգարեական երազ։ «Երևի վեցերորդ զգայարանս աշխատեց, կամ իմ մեջ կախարդն արթնացավ։ Եթե ես այս երազը չտեսնեի, մտքովս էլ չէր անցնի նրան փնտրել եկեղեցում», – ասել է նա:
Այժմ Ինկան տանն է և ապաքինվում է իր արկածից հետո: Տանը Մայրինգ-Թոմասը խնամում և կերակրում է հայտնաբերված ընտանի կենդանուն։