ԱՄՆ-ի Նյու Մեքսիկո նահանգում Սանտա-Ֆե շրջանի շերիֆի գրասենյակն ավարտել է դերասան Ալեք Բոլդուինի մասնակցությամբ կրակոցների հետաքննությունը, ով նկարահանման հրապարակում պատահաբար կրակել է օպերատոր Գալինա Հաթչինսի վրա։ Այս մասին հայտնում է Los Angeles Times-ը։
Նշվում է, որ գործը փոխանցվել է տեղի դատախազին։ «Շրջանային դատախազը եւ նրա թիմը կսկսեն տեղեկությունների ու ապացույցների մանրակրկիտ ուսումնասիրություն, որպեսզի մտածված եւ ճշգրիտ որոշում կայացնեն մեղադրանք առաջադրելիս», – ասվում է շերիֆի գրասենյակի հայտարարության մեջ:
Իրավապահ մարմինների զեկույցում չի նշվում, թե արդյոք քննիչները պարզել են, որ բավարար ապացույցներ կան մեղադրանք առաջադրելու համար: Այս մասին հրատարակությանը հայտնել է իրավիճակին ծանոթ աղբյուրը։
Հաթչինսը մահացել է 2021 թվականի հոկտեմբերին։ «Ժանգը» ֆիլմի նկարահանումների ժամանակ Բոլդուինը կրակել է ատրճանակից՝ պատահաբար սպանելով նրան եւ վիրավորելով ֆիլմի ռեժիսոր Ջոել Սոուզային։ Դերասանի խոսքով՝ ինքը չի սեղմել ձգանը, այլ միայն սեղմել եւ բաց թողել է այն՝ հետեւելով Հաթչինսի ցուցումներին, ով լիցքավորել է ատրճանակը։ Այն պետք է լիցքավորված լիներ դատարկ պարկուճներով, սակայն պարզվել է, որ դրանք եղել են մարտական։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ամերիկացի դերասան եւ պրոդյուսեր Ալեք Բոլդուինը կշարունակի աշխատել «Ժանգը» ֆիլմի վրա։ Նկարահանումները կվերսկսվեն 2023 թվականի հունվարին։