1973 թվականի այս օրը ծնվել է Բոլիվուդի եւ Հոլիվուդի ամենահայտնի աստղերից մեկը՝ դերասանուհի եւ մոդել, 1994 թվականի «Միսս Աշխարհ» Աշուարիյա Ռայը:
Դերասանուհին ծնվել է Հնդկաստանի Մանգալոր շրջանում՝ նավատորմի սպայի եւ գրողի ընտանիքում: Եղբայրը՝ նավատորմի ինժեներ Ադիտյան «Սրտային կապվածություն» ֆիլմի պրոդյուսերն է:
Ընտանիքը տեղափոխվել է Բոմբեյ, որտեղ քոլեջն ավարտելուց հետո ընդունվել է համալսարան եւ սկսել ճարտարապետություն սովորել: Ավելի ուշ դարձել է մոդել եւ 1994 թվականին «Միսս Աշխարհ» մրցույթին ներկայացրել է Հնդկաստանը եւ շահել թագը:
Դերասանական կարիերան սկսել է 1997 թվականին եւ 2004 թվականին իր դեբյուտը կատարել Հոլիվուդ՝ Ջեյն Օսթինի վեպի հիման վրա նկարահանված «Հարսնացուն եւ նախապաշարմունքները» ֆիլմով: Իր կարիերայի ընթացքում արժանացել է բազմաթիվ մրցանակների եւ 2003 թվականին եղել Կաննի կինոփառատոնի ժյուրիի կազմում:
Աշուարիան իր կարիերայի գագաթնակետին մի քանի տարի հանդիպել է հայտնի հնդիկ դերասան Սալման Խանի հետ, սակայն ավելի ուշ զույգը բաժանվել է: Դերասանուհին ամուսնացել է հայտնի Բաչչան ընտանիքի ժառանգորդի՝ հայտնի դերասան Աբհիշեկ Բաչչանի հետ եւ ունի մեկ դուստր: