Մեծ Բրիտանիայի Հեմփշիր քաղաքի բնակչուհին պատմել է շոտլանդական ակցենտից վախի մասին, որի պատճառով ստիպված է լինում հրաժարվել ժամադրություններից և իրեն տարօրինակ պահել։ Այն մասին, թե ինչպես է իռացիոնալ վախը ստիպում բրիտանուհուն փախչել շոտլանդացիներից, գրում է Daily Mail-ը։
32-ամյա Քիրստի Բեյքերը մանուկ հասակում անջատել է հեռուստացույցը, հենց որ լսել է շոտլանդական ակցենտ։ Ժամանակի ընթացքում իրավիճակը միայն վատթարացավ, իսկ բրիտանուհու թշնամանքը վերածվեց ֆոբիայի։ Նա խոստովանել է, որ մի անգամ նույնիսկ սուպերմարկետից դուրս է վազել այն բանից հետո, երբ այնտեղ շոտլանդացու է տեսել: Նա բազմիցս հրաժարվել է շոտլանդացիների հետ ժամադրություններից և իր ամենավատ մղձավանջը համարում է Շոտլանդիա մեկնելը:
«Եթե լսում եմ այս ակցենտը,ես անմիջապես սկսում եմ խուճապի մատնվել: Սիրտս բաբախում է, և ես ինձ իսկապես վատ եմ զգում: Սարսափելի է»,- դժգոհել է Բեյքերը։ Նա կարծում է, որ վախն առաջացել է տասը տարեկանում, երբ ինքը ծնողների հետ գնացել է նավակների ցուցահանդեսի։ Այնտեղ ընտանիքին է մոտեցել մի տղամարդ, որը կրում էր ավանդական շոտլանդական գլխարկ և պարիկ։ Նա խոսում էր բարձրաձայն՝ ընդգծված առոգանությամբ, և դա վախեցրել է Քիրստիին։
Կինը դժգոհել է իր ավագ եղբայրներից, որոնք առիթը բաց չեն թողնում իր վրա ծիծաղելու և հաճախ կրկնօրինակում են այդ ակցենտը։ Բեյքերը եզրակացրել է, որ ինքը ոչինչ չունի շոտլանդացիների դեմ, և իր ֆոբիան իրեն որոշակի անհանգստություն է պատճառում: