Արքայադուստր Դիանայի ձախ ձեռքի կաղապարը, որը պատրաստված է գիպսից՝ մատին հարսանեկան մատանու ուրվագծերով, ցանկանում են աճուրդի հանել, հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը։
Ենթադրվում է, որ 24 սանտիմետր բարձրությամբ նմուշը Բրիտանիայի արքայազներ Ուիլյամի եւ Հարիի մոր ձեռքի միակ ձուլվածքն է, որը ստեղծվել է նրա կենդանության օրոք եւ նրա համաձայնությամբ։ Այն պատրաստել է քանդակագործ Օսկար Նեմոնը՝ Սենթ Ջեյմսի պալատի իր ստուդիայում՝ 1985 թվականին Դիանայի կիսանդրու վրա աշխատելիս։
Նմուշը կներկայացվի Էսսեքս նահանգի Քոլչեսթեր քաղաքում գտնվող Reeman Dansie աճուրդի տանը՝ Ուինսթոն Չերչիլի ձեռքի նմանատիպ կաղապարի հետ ՝նոյեմբերի 8-ից 9-ը: Սպասվում է, որ այն աճուրդի կհանվի առնվազն 48 հազար դոլար արժեքով: