«Միսս Տիեզերք 2022» մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ է ընտրվել 24-ամյա Քրիստինա Այանյանը։ Քրիստինան ծնունդով ԱՄՆ-ի Բոստոն քաղաքից է: Մինչեւ 5-րդ դասարանը սովորել է հայկական Սուրբ Ստեփանոս վարժարանում: Մոդելինգով լրջորեն սկսել է զբաղվել 15 տարեկանից: 2020 թվականին հաղթել է «Միսս Բոստոն» մրցույթում, որից հետո մասնակցել է «Միսս Արմենիա» մրցույթին եւ 2021 թվականին ներկայացրել Հայաստանը «Միսս Գրանդ Ինթերնեշնլ» մրցույթում:
NEWS.am STYLE-ը «Միսս Տիեզերք» մրցույթում Հայաստանի մասնակցի ընտրության վերաբերյալ զրուցել է «Միսս Արմենիա» համահայկական մշակութային հիմնադրամի նախագահ Գոհար Հարությունյանի հետ։
«Այս տարի նախատեսում էինք անցկացնել «Միսս Տիեզերք Արմենիա» եւ «Միսս Աշխարհ Արմենիա» մրցույթները, սակայն երկրում տիրող իրավիճակի պատճառով չեղարկեցինք դրանք։ Բայց մեզ թույլ տվեցին, որ «Միսս Տիեզերք» մրցույթում մեր ներկայացուցչին ընտրենք նախորդ տարվա մրցույթի մասնակիցներից։ Այս տարի, հատկապես, շատ կարեւոր է, որ այդ մրցույթում մենք ունենանք լավ խոսնակ, իսկ այդ առումով ամենապատրաստվածը Քրիստինա Այանյանն է, որը ճանաչվել է «Վիցե Միսս Աշխարհ Արմենիա» եւ անցյալ տարի ներկայացրել Հայաստանը «Միսս Գրանդ Ինթերնեշնլ» մրցույթում»։
Քրիստինան մրցույթի շրջանակում տարբերվեց իր ինքնավստահությամբ եւ բարդագույն իրավիճակից սահուն դուրս գալու կարողությամբ։ Երբ բեմին Հայաստանի ներկայացուցչի կոշիկի կրունկը կոտրվեց, գեղեցկուհին ոչ միայն չշփոթվեց, այլեւ իրավիճակը փրկեց պարային շարժումներով։
Բացի բեմական հմտություններից, ըստ Գոհարի, կարեւոր է նաեւ այն հաղորդագրությունը, որով Հայաստանը կներկայանա «Միսս Տիեզերք»-ին։
Ամբողջությամբ՝ style.news.am