Քնելուց առաջ քաղցրավենիքի հանդեպ մոլուցքը կարող է հրահրվել հոգեբանական պատճառներով և երեկոյան օրգանիզմում տեղի ունեցող քիմիական գործընթացներով։ Այս մասին Sputnik ռադիոյին հայտնել է էնդոկրինոլոգ Զուխրա Պավլովան։
Քնելուց առաջ քաղցր բան ուտելու սուր ցանկությունն առաջին հերթին վկայում է հոգնածության և քրոնիկ սթրեսի մասին, իսկ երեկոյան օրգանիզմում ավելանում է ինսուլինի արտադրությունը, ինչը մեծացնում է քաղցրավենիքի հանդեպ հակումը։ Էնդոկրինոլոգը խորհուրդ է տալիս չպայքարել այդ ցանկության դեմ, այլ օգտագործել քաղցրացուցիչների հիման վրա պատրաստված ուտեստներ։
«Կան փոխարինիչներ, ինչպիսիք են ստեվիան, էրիթրիտոլը կամ սուկրալոզը: Առաջին երկուսը բնական են, իսկ վերջինը սինթետիկ նյութ է։ Քաղցրացուցիչներով արտադրանքի օգտագործումը տալիս է հոգեբանական և էմոցիոնալ բավարարվածություն»,- բացատրել է բժիշկը։
Պավլովան նշել է, որ շաքարի փոխարինիչները կհագեցնեն քաղցրավենիքի հանդեպ հակումը, սակայն չեն խթանի ինսուլինի լրացուցիչ սինթեզը։ Եթե արյան մեջ գլյուկոզայի մակարդակը մշտապես բարձրանում է, դա կարող է հանգեցնել շաքարախտի զարգացման։