Սուրճն օգնում է ազատվել ավելորդ կիլոգրամներից, սակայն ցանկալի արդյունքին հասնելու համար այն հարկավոր է խմել օրվա ճիշտ ժամին։ Այս մասին են վկայում Նոթինգհեմի համալսարանի գիտնականների հետազոտությունները, որոնց արդյունքները հրապարակվել են Scientific Reports ամսագրում։
Գիտնականների կարծիքով՝ այս ըմպելիքը կարող է շատ օգտակար լինել նիհարել ցանկացողների համար, քանի որ այն յուրահատուկ կերպով խթանում է շագանակագույն ճարպային հյուսվածքները։ Մասնագետները նման եզրահանգման են եկել բջջային կոլտուրաների միջոցով անցկացրած գիտափորձերի արդյունքում, որից հետո ստուգել են ստացված տվյալները 27 տարեկան 9 կնոջ ու տղամարդու մասնակցությամբ հետազոտության միջոցով։ Արդյունքում պարզվել է, որ սուրճի ընդունումից հետո շագանակագույն ճարպային հյուսվածքները զգալի տաքանում են՝ հանգեցնելով ներսում հասարակ ճարպային բջիջների ակտիվացման։ Սա էլ հանգեցնում էր ճարպերի արագ «այրման»։
Որոշ հետազոտություններ էլ ցույց են տվել, որ սուրճն ազդում է քաղցի զգացման ու ախորժակի վրա։ Մասնակիցները փաստում էին, որ սուրճի գործածությունից հետո իրենց հագեցած էին զգում, ինչի արդյունքում էլ քիչ էին սնվում ու արագ էին ազատվում ավելորդ քաշից։
«Կոֆեինն ազդում է լեպտին ու YY պեպտիդ հորմոնի վրա, որոնք էլ որոշում են մարդու քաղցածության աստիճանը», – նշել են գիտնականները։
Միևնույն ժամանակ մասնագետները չեն բացառում, որ քաշի նվազեցման էֆեկտը կարող է կախված լինել սուրճի գործածության ժամից։ Համարվում է, որ սուրճն առավել մեծ ազդեցություն է ունենում ճարպային բջիջների վրա 9։30-11։30-ն ընկած ժամանակահատվածում խմելու դեպքում, ինչը պայմանավորված է կորտիզոլով։
Կորտիզոլը հորմոն է, որը պատասխանատու է զգոնության, ինչպես նաև նյութափոխանակության, իմունային համակարգի և զարկերակային ճնշման վրա։ Այս հորմոնի բարձր մակարդակի դեպքում սուրճի գործածությունը հանգեցնում է սթրեսի, սակայն կորտիզոլի մակարդակի նվազման դեպքում սուրճը կարող է էներգիա հաղորդել ու դրական ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա՝ նպաստելով նաև քաշի նվազմանը։