Տղամարդիկ ավելի հաճախ են սիրախաղեր անում կանանց հետ աշխատավայրում, երբ ցանկանում են, որ իրենց ուժեղ համարեն: Այսպիսի եզրակացության են հանգել Կալիֆոռնիայի համալսարանի հոգեբանները, որոնց հետազոտությունը հրապարակվել է Organizational Behavior and Human Decision Processes ամսագրում:
Հետազոտությանը մասնակցել է 2500 մարդ։ Նրանք բոլորը սեռական նույնականացման գնահատում են անցել` իրենց սեռական գրավչությունը, հմայքը, ինչպես նաեւ սեփական նպատակների համար ուրիշների հետ սիրախաղ անելու ցանկությունը եւ այլ ցուցանիշներ ստուգելու համար: Դրանից հետո գիտնականները վեց փորձ են անցկացրել՝ ուղղված աշխատանքի վայրում կամավորների սեռական վարքագծի գնահատմանը։ Օրինակ, դրանցից մեկում մասնակիցները պետք է պլանավորեին հակառակ սեռի գործընկերոջ հետ փոխգործակցությունը՝ տարբեր դրդապատճառներից ելնելով:
Պարզվել է, որ տղամարդիկ ավելի հաճախ են դիմում սիրահետումների, սեթեւեթանքների, ոտնձգությունների եւ, երբ ցանկանում են ստեղծել մի մարդու կերպար, որն իր ձեռքում իշխանություն ունի։ Կանանց մոտ նման վարքագիծ չի նկատվել։ Ընդ որում՝ հաճախ դա արել են ավելի ցածր պաշտոններ զբաղեցնող տղամարդիկ։
«Մենք զարմացանք, որ տղամարդ ենթակաները ավելի հակված են սեռական բնույթի վիրավորական վարքագծի, ինչպիսիք են գռեհիկ հաճոյախոսությունները, քան ազդեցիկ տղամարդիկ: Սա խոսում է այն մասին, որ այս մասնակիցներին առաջնորդել է ավելի մեծ իշխանության ցանկությունը, նրանք ուզում էին ավելի հզոր երեւալ»,- նշել են գիտնականները։