Մեծ Բրիտանիայի Գվինեդ քաղաքի լողափերից մեկում տղամարդն իր շան հետ զբոսնելիս գտել է աշխարհի ամենաթանկ ծովամթերքներից մեկը, որն արժե ավելի քան չորս հազար ֆունտ: Այս մասին հայտնում է Daily Post-ը։
Դեյվ ՄաքԳիրը արձակուրդի ժամանակ զբոսնում էր իր շան հետ և տեսավ տարօրինակ արարածներ՝ սպիտակ ծովախեցիներ, որոնք կպած էին ափ դուրս նետված վեց մետրանոց ծառի բնից: Տղամարդը լուսանկարել է գտածոն, որից հետո որոշել է Google-ում փնտրել, թե ինչ է այն։ «Ես հայտնաբերեցի, որ դրանք սագային ծովախեցիներ են՝ տարօրինակ տեսակի հազվագյուտ ծովային արարածներ: Դրանք համարվում են դելիկատես և արժեն ավելի քան 80 եվրո մեկ կիլոգրամի համար»,- ասել է բրիտանացին:
Հազվագյուտ ծովախեցիների տեսակը համարվում է դելիկատես այնպիսի երկրներում, ինչպիսիք են Պորտուգալիան և Իսպանիան, որտեղ նրանց անվանում են ծովային բադիկներ: Այս դելիկատեսի արտահանման գինը հասնում է 300 ֆունտի՝ մեկ կիլոգրամի համար, թեև դրանք կարելի է առցանց գնել սառեցված տեսքով 80-90 ֆունտով՝ մեկ կիլոգրամի համար: Կախված չափից, յուրաքանչյուր ծովախեցին կարող է արժենալ մոտ երկու ֆունտ: Սա նշանակում է, որ գտածոյի ընդհանուր արժեքը կարող է լինել մինչև երեքից հինգ հազար ֆունտ:
Որպես կանոն, այդ ծովախեցիները հավաքվում են Կոստա դա Մորտեի իսպանական ափի ստորջրյա ժայռերի վրա։ Դրանք համարվում են աշխարհի ամենաթանկ ծովամթերքներից մեկը: Դրանց գինը արդարացված է, քանի որ դրանց որսը կապված է վտանգի հետ։ Դրանք ստանալու համար հարկավոր է սուզվել հզոր ալիքների տակ՝ վտանգելով կյանքը:
Տղամարդն ասել է, որ չի ցանկանում փորձել իր գտածոն: «Երբ մոտենում ես դրանց, պարզ է դառնում, որ դրանք նման են փոքրիկ ութոտնուկների կամ կաղամարների։ Նրանք ունեն փոքրիկ շոշափուկներ, որոնք տարածվում են իրենց պատյաններից: Ես դրանք երբեք չեմ փորձել, և հիմա, երբ տեսա, վստահ չեմ, որ կցանկանայի դա անել»,- ընդգծել է տղամարդը։