Օրական երեք բաժակ բնական աղացած սուրճը նվազեցնում է լյարդի հիվանդությունների հավանականությունը
Advertisement 1000 x 90

Օրական երեք բաժակ բնական աղացած սուրճը նվազեցնում է լյարդի հիվանդությունների հավանականությունը

Սուրճի սիրահարների համար էապես ավելի ցածր է լյարդի ֆիբրոզի առաջացման հավանականությունը։ Այսպիսի եզրահանգման են եկել ամերիկյան բժիշկները՝ ուսումնասիրելով 4,5 հազար մեծահասակ ամերիկացիների տվյալները, որոնք մասնակցել են Առողջության եւ սնվելու ազգային հետազոտությանը (NHANES) եւ անցել էլաստոմետրիա՝ ախտորոշման մեթոդ, որը թույլ է տալիս պարզել լյարդի ֆիբրոզի աստիճանը։

Գիտնականները կապ չեն հայտնաբերել սուրճի օգտագործման եւ լյարդի ճարպակալման ցուցանիշների միջեւ, փոխարենը հայտնաբերել են դրա ազդեցությունն այդ օրգանի հյուսվածքների կոշտության վրա։ Նրանց մոտ, ովքեր օրական երեք եւ ավելի բաժակ սուրճ են խմում, այդ կոշտության ցուցանիշները երեք անգամ ավելի ցածր են եղել՝ նրանց համեմատ, որոնք ավելի քիչ են սուրճ օգտագործում կամ ընդհանրապես սուրճ չեն խմում։ Բացի այդ, սուրճի սիրահարների մոտ էապես ավելի ցածր է եղել լյարդի զարգացող ֆիբրոզի առաջացման հավանականությունը։

Առանց կոֆեինի սուրճի մեջ նման կանխարգելիչ էֆեկտ չի հայտնաբերվել, նշել են հետազոտության հեղինակները։ Նրանք ենթադրել են, որ այդ կապի մեխանիզմի հիմքում ընկած են կոֆեինի հատկությունները։

Ավելի վաղ կատարված հետազոտությունը, որին մասնակցել է Մեծ Բրիտանիայի մոտ կես միլիոն բնակիչ, հաստատել է, որ օրական երեք եւ ավելի բաժակ սուրճը 20 տոկոսով նվազեցնում է լյարդի քրոնիկական հիվանդությունների առաջացման հավանականությունը։ Այդ պաթոլոգիաներից մահացության հավանականությունը սուրճի սիրահարների մոտ ցածր է 49 տոկոսով։

Ամենից շատ օգտակար է բնական աղացած սուրճը։

news.am