Ամերիկյան 1010 Wins ռադիոկայանը հայտնել է, որ կողոպտիչները Նյու Յորքից գողացել են ավելի քան 95 հազար դոլար արժողությամբ 125 iPhone: Կողոպուտը տեղի է ունեցել գիշերը, այն բանից հետո, երբ տղամարդը սմարթֆոններ է գնել և դուրս եկել ընկերության խանութից։
Հաղորդվում է, որ Նյու Յորքի բնակիչներից մեկը գիշերը Apple-ի հինգերորդ պողոտայի խանութից գնել է iPhone-ների մեծածախ խմբաքանակ: Տղամարդը գնել է 300 iPhone 13, իսկ խանութի աշխատակիցները գնումը դրել են երեք փաթեթի մեջ։ Ժամը 02։00-ի սահմաններում հաճախորդը դուրս է եկել խանութից և քայլել դեպի իր մեքենան։
Դրանից հետո նրան հետևել են երկու տղամարդ, ովքեր պահանջել են հանձնել փաթեթները։ Գնորդը հրաժարվել է և ծեծկռտուքի մեջ է մտել, իսկ հարձակվողները խլել ու տարել են ավելի քան 95 հազար դոլար արժողությամբ 125 սմարթֆոնով փաթեթ։
NYPD-ն այժմ հետաքննում է միջադեպի մանրամասները։ Արդեն հայտնի է, որ տուժածը հաճախ մեծ քանակությամբ Apple սարքեր է գնում վերավաճառքի համար։ Հինգերորդ պողոտայում գտնվող Apple խանութը շուրջօրյա է, ուստի տղամարդն ընտրել է գիշերային ժամերը՝ մեծ թվով մարդկանցից խուսափելու համար, քանի որ ԱՄՆ-ում այս պահին մեծ զեղչերի շրջան է։
Այժմ ոստիկանությունը պետք է պարզի, թե արդյոք կողոպտիչները տեղյա՞կ են եղել տուժողի բիզնեսի մասին, և արդյո՞ք նրանք ծրագրել են հանցագործությունը։ Նաև իրավապահները հայտնել են, որ ծեծկռտուքի ժամանակ տղամարդը լուրջ վնասվածքներ չի ստացել։
Սիրարփի Աղաբաբյան