Արմեն Խանդիկյանը հրաժեշտ տվեց թատրոնի տնօրենի պաշտոնին. hraparak.am
Advertisement 1000 x 90

Արմեն Խանդիկյանը հրաժեշտ տվեց թատրոնի տնօրենի պաշտոնին. hraparak.am

Նոյեմբերի 29-ին Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրեն Արմեն Խանդիկյանը «Հրապարակի» հետ զրույցում ասել էր, որ որոշել է դեկտեմբերի 1-ին` իր դիմումի համաձայն թատրոնի տնօրենի պաշտոնից հեռանալ:

 

76-ամյա ռեժիսորը նշել էր, որ պատճառը տարիքն է: Տնօրենի պաշտոնի տարիքային սահմանափակում կա, սակայն մինչեւ 65 տարեկանը։ «Տասը տարի պահեցին, բայց ես այլեւս չեմ ցանկանում»,- ասել էր Արմեն Խանդիկյանը:

 

Մենք այսօր հետաքրքրվեցինք Արմեն Խանդիկյանից, թե ազատման դիմում գրե՞լ է արդյոք: Նա ասաց, որ դեկտեմբերի 1-ին է գրել և հեռացել տնօրենի պաշտոնից: Մենք նաև հետաքրքրվեցինք, թե հիմա ինչո՞վ է զբաղվելու և ո՞վ է փոխարինելու իրեն՝ տնօրենի պաշտոնում, վերջինս ասաց. «Ես հեռացել եմ, նոր տնօրեն կնշանակվի վաղը, ես չգիտեմ, թե ում կնշանակեն:

Դրա համար կա վերադաս մարմին` քաղաքապետարան և համապատասխան խորհուրդ: Ես զբաղեցնելու եմ թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը: Ասեմ, որ այս տարիների ընթացքում զբաղեցրել եմ տնօրենի և գեղարվեստական ղեկավարի պաշտոնները, սակայն ստացել եմ միայն մեկ հաստիքի համար նախատեսված աշխատավարձ, որպեսզի կոլեգաներս չմտածեն, թե Խանդիկյանը գումարի համար է աշխատում, կամ՝ չկարծեն, թե մենք հավասարապես ջանում ենք թատրոնի առաջընթացի համար, սակայն ես իրենցից ավելի շատ գումար եմ վաստակում»,- ասաց Խանդիկյանը:

Մենք փոքրիկ մոնիթորինգ իրականացրինք, թե Երևանում գործող թատրոնների տնօրեններից ով քանի տարեկան է:

Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը 40 տարեկան է: Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի տնօրեն Կարո Շահբազյանը 53 տարեկան է:

Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը 55 տարեկան է, Կամերային թատրոնի տնօրեն Լուսինե Երնջակյանը՝ 35 տարեկան: Երևանի պետական տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը 65 տարեկան է, Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրեն Էմին Թորոսյանը 43 տարեկան է:

hraparak.am