Սուրբ Հեղինե կղզում ապրող կրիան նշել է իր 190-ամյակը և դարձել աշխարհի ամենածեր կենդանին, գրում է Good News Network-ը։
Ջոնաթան անունով կրիան ծնվել է 1800-ականների սկզբին։ Վերջին 140 տարիները նա ապրել է Սուրբ Հեղինեում:
«Համաշխարհային պատերազմները, Բրիտանական կայսրության վերելքն ու անկումը, բազմաթիվ մահացած կառավարիչներ, թագավորներ և թագուհիներ, և Ջոնաթանը այս ամբողջ ընթացքում այստեղ էր՝ պարզապես զվարճանալով», – ասում է Ջո Հոլինսը, ով խնամում է կրիային:
Բացի այդ, տեղի բնակիչները կրիայի համար եռօրյա ծննդյան տոնակատարություն կկազմակերպեն, որը կներառի նրա սիրելի բանջարեղենը և այլ ուտեստներ։ Միջոցառման ավարտին կցուցադրվի Ջոնաթանի կյանքին նվիրված անիմացիոն ֆիլմ, իսկ հոբելյարի հիշատակին հատուկ նամականիշ կթողարկվի։