ԱՄՆ-ի Հարավային Կալիֆորնիայի համալսարանի և Մադրիդի Գրեգորիո Մարանյոն բժշկական հետազոտությունների ինստիտուտի գիտնականների միջազգային խումբը պարզել է, որ հայրությունը փոխում է տղամարդկանց ուղեղը։ Նրանք The Conversation-ին պատմել են իրենց հետազոտության մասին։
Գիտնականները հավաքագրել են 40 կամավորների (20-ը՝ ԱՄՆ-ից և 20-ը՝ Իսպանիայից), որոնց կանայք շուտով պետք է ծննդաբերեին: Բոլոր մասնակիցները երկու անգամ անցել են ՄՌՏ պրոցեդուրա՝ ծնվելուց առաջ և երեխայի վեց ամսական դառնալուց հետո: Գիտնականները սկանավորել են նաև երեխա չունեցող 17 տղամարդկանց ուղեղը։ Ստացված տվյալները համեմատելուց հետո գիտնականները հայրերի ուղեղում փոփոխություններ են հայտնաբերել տեսողական մշակման, երեխայի հանդեպ ուշադրության և կարեկցանքի համար պատասխանատու հատվածներում։
Իսկ իսպանացիների մոտ փոփոխություններն ավելի ընդգծված էին։ Ըստ գիտնականների՝ դա պայմանավորված է նրանով, թե որքան հաճախ են հայրերը շփվում իրենց երեխայի հետ։ Փաստն այն է, որ Իսպանիայում հայրերի համար ավելի հեշտ է ծնողական արձակուրդ ստանալը։ Հետազոտողները նաև ենթադրել են, որ որքան ուժեղ են փոփոխությունները տղամարդկանց ուղեղում, այնքան նրանք հակված են ավելի շատ ժամանակ անցկացնել երեխայի հետ։