ԱՄՆ-ի Ջորջիա նահանգի Ջոն Վիրվիլերի ֆերմայի հովվաշունը միայնակ պայքարել է ութ կոյոտների դեմ, փրկել ոչխարների և այծերի հոտը։ Այս մասին հայտնում է Fox 5 Atlanta-ն։
Վիրվիլերը պատմել է, որ Կասպեր անունով շունը կարողացել է սպանել ութ կոյոտի արյունալի պայքարում, որը տևել է մոտ կես ժամ։ Մարտից հետո Կասպերը երկու օրով անհետացել էր։ «Մենք գիտեինք, որ նա վիրավոր է, քանի որ գտել էինք մասեր նրա պոչից, արյան հետքեր և ծեծկռտուքի այլ ապացույցներ։ Շատ էինք անհանգստանում նրա համար», – բացատրել է Ջոնը:
Երբ շունը վերադարձել է, տերը ծանր վերքեր է հայտնաբերել նրա վրա։ Տղամարդու խոսքով՝ թվում էր, թե կոյոտները մասնակիորեն պոկել էին շան մորթին։ «Վերադարձած Կասպերը նայեց ինձ այնպես, կարծես ուզում էր ասել. «Շեֆ, մի՛ նայիր, թե որքան վատ տեսք ունեմ, պարզապես հոգ տար իմ մասին», – հիշում է Վիրվիլերը:
LifeLine Animal Project-ի աշխատակիցները, որի նպատակն է դադարեցնել առողջ կենդանիների էֆթանազիան, իմացան Կասպերի պատմության մասին և որոշեցին օգնել նրա բուժման ծախսերի հարցում: Շան համար 15 հազար դոլար են հավաքել, կազմակերպության անասնաբույժները զբաղվում են նրա վերականգնմամբ։
Բերի քոլեջի կենսաբանության պրոֆեսոր Քրիս Մոուրին կոյոտների պահվածքն անվանել է տարօրինակ: Նա բացատրել է, որ այս կենդանիները հազվադեպ են հավաքվում մեծ հոտերով։ Նրա կարծիքով, ամենայն հավանականությամբ, գիշատիչներին գրավել են գառները, որոնք բավականին շատ են եղել հարձակման ենթարկված հոտում։