«Գնված երջանկություն» հեռուստասերիալն արդեն մեկնարկել է: «Արմենիա Պրեմիումի» հեռուստադիտողները հնարավորություն ունեն ամեն աշխատանքային օր հետևելու 20 մասանոց սերիալի զարգացումներին: Ֆիլմի գլխավոր հերոսին մարմնավորում է դերասան Աբել Աբելյանը: Նրա, Մերի Մակարյանի և Լևս Դավթյանի հերոսների միջև է ձևավորվում գլխավոր սիրային եռանկյունին:
Աբելն այս հեռուստասերիալում նկարահանվել է 6 տարվա դադարից հետո: Tert.am Life-ի հետ զրույցում դերասանն ասաց, որ այս ընթացքում չի նկարահանվել հայկական սերիալներում, սակայն շարունակել է դերասանական գործունեությունը՝ ներկայանալով ռուսական արտադրության ֆիլմերում:
«Երկարատև սերիալներում նկարահանվելու առաջարկներ եղել են, սակայն ես այդ մեխանիզմի մեջ մտնելու ժամանակ չունեմ: Հիմա մենք գիտենք՝ 1 ամիս պետք է նկարահանումների լինենք, բոլոր գործերս հարմարացնում եմ այս 30 օրվան, հետո կրկին անցնում մյուս աշխատանքներիս: Երկարատև սերիալի դեպքում դա հնարավոր չէ»,- ասաց դերասանն ու հավելեց, որ երկարատև սերիալում նկարահանվելու համար իրեն մեկ այլ հանգամանք էլ է խանգարում: – Դու մտնում ես ֆիլմ մի կերպարով, հետագայում այն դառնում է չգիտես ով: Մասնագիտորեն չես կարողանում ճիշտ կառուցել դերդ: Այս դեպքում լավ է, որ գիտես՝ կերպարդ ով է»:
Դերասանը նշեց, որ «Գնված երջանկությունում» խաղալու առաջարկը ստացել է ռեժիսորից՝ Հարութ Շատյանից: «Երբ զանգահարեց Հարութ Շատյանը, ասացի՝ եթե դու ես զանգել, արդեն դրական եմ տրամադրված: Երկու սերիա կարդացի, զգացի, որ աշխատելու տեղ կա: Կերպարը դուր եկավ ինձ»,- ասաց Աբելը:
Դերասանը նկատեց նաև, որ իրեն հեշտ է աշխատել ստեղծագործական այս կազմի հետ: «Մեծ մասամբ պրոֆեսիոնալ դերասաններ են հավաքված: Թիմն ինձ համար նոր է, ոչ ոքի հետ չէի աշխատել մինչև այս: Հաճույքով եմ աշխատում այստեղ»,- նկատեց նա:
Աբելի հասցեին, երբեմն, մեղադրանքներ են հնչում, որ նույնատիպ է խաղում կերպարները: Դերասանից հետաքրքրվեցինք, թե ինչ կարծիք ունի իր հասցեին հնչող քննադատության վերաբերյալ: «Նայած՝ ով է մեղադրում: Մի բան է, երբ մեղադրում է հեռուստադիտողը, այլ բան է, երբ մեղադրում է մասնագետը: Ես փորձում եմ այնպես անել, որ կերպարներս չկրկնվեն, կրկնվեն միայն դեմքով: Ես շատ լուրջ եմ մոտենում իմ ցանկացած կերպարին ու հարկ եղածի պես աշխատում եմ: 6 տարի է՝ չեմ նկարահանվել, մի քիչ կվիճեմ, թե որ նույնության հետ մարդիկ կհամեմատեն: 6 տարի առաջ նկարահանվել եմ «Վերադարձում», «Կյանքի գնում», որտեղ կերպարներս նման չէին: Նկարահանվել եմ իրարից կատեգորիկ տարբեր 2 ռուսական ֆիլմում: Եթե մարդը մի քիչ հասկանում է կինոյից, հաստատ չի գտնի նման գծեր»,- ասաց նա:
Ամբողջությամբ՝ life.tert.am