Լենկ Թեմուր
Advertisement 1000 x 90

Լենկ Թեմուր

Պատմաբան Վահե Անթանեսյանը իր միկրոբլոգում ներկայացրել է Լենկ Թեմուրի մասին պատմող պատմությունը:

Ժամանակակիցների վկայությամբ` Լենկ Թեմուրը որևէ բերդի վրա հարձակվելիս նրա մոտ սպիտակ, կարմիր կամ սև վրան էր բարձրացնում: Սպիտակ վրանի բարձրացնելու դեպքում նշանակում էր, որ կամավոր հանձնվելու դեպքում ներում կշնորհվի, կարմիր վրանը նշանակում էր, որ կամավոր չհանձնվելու դեպքում բերդը գրավելուց հետու բոլոր սուր կրողները կնահատակվեն, սև վրանը նշանակում էր, որ երկարատև դիմադրության դեպքում բոլորին սրի կքաշի` չխնայելով անգամ երեխաներին…

Կան գործիչներ, որոնց մասին պատմագիտությունը միօրինակ գնահատական տալ չի կարող: Ոմանց համար նրանք հերոսներ են, ոմանց համար՝ սոսկ մարդասպան ճիվաղներ…

Լենկ Թեմուրը պատմական ասպարեզ իջավ խառնակ ժամանակաշրջանում:

Չինգիզ խանի տերությունը տրոհվել էր բազում մասերի: Նրա հսկայածավալ կայսրության մի մասն էր կազմում Մավերանահրը, ուր բնակվում էին ջաղաթայական տարբեր ցեղեր, որ խառնվել էին իրանական ժողովուրդների հետ:

Մավերանահրում երկար ժամանակ անիշխանություն էր երկպառակտչական ու գահակալական կռիվների պատճառով: Եվ վերջապես Բարլաս ցեղի Թարազայի որդի Կաղ Թեմուրը 34 տարեկան հասակում` (ծնվել է 1336 թվականին) 1370 թվականին, կարողացավ միավորել մյուս ցեղերին ու միանձնյա իշխել երկրամասում: Նա մայրաքաղաք հռչակեց Սամարղանդը, որ նպատակ ուներ դարձնել աշխարհի կենտրոնը: Փառասեր ու հանճարեղ զորավարը աչքի էր ընկնում նաև յուրահատուկ դաժանությամբ, կազմակերպչական մեծ տաղանդով: Իր անունը` Թեմուր, լրիվ համապատասխան էր իր էությանը, քանզի Թեմուր նշանակում է Երկաթ: Թեմուրի կաղության վերաբերյալ երկու վարկած կա. մեկի համաձայն՝ արշավանքների ժամանակ նա վիրավորվել է, մյուս վարկածն ասում է, որ նրա ոտքի ջլերը կտրել է տվել հայրը, քանզի չէր սիրում իր որդուն:

Թեմուրը մանկուց վռնդված էր տնից: Նա ավազակությամբ էր ապրում, միջոցներ հայթայթում: Շուտով մեծ ավազակախումբ հավաքեց, որով թալանում էր քարավանները, բնակավայրերը: Ապա հավաքեց մեծ բանակ, որով գրավեց իշխանությունը:

1385 թվականից նա սկսեց իր արշավանքները դեպի երկրի չորս դին: Մինչ այդ նա իրեն ենթարկեց ողջ Միջին Ասիան, Չինաստանի մի մասը: Թեմուրի հորդաները ներխուժեցին նաև Հնդկաստան, սակայն այնտեղ առանձնակի հաջողության չհասան: 1385 թվականին Թեմուրն արշավեց ու իրեն ենթարկեց Իրանն ու Ատրպատականը: Մեկ տարի անց նա մտավ Հայաստան՝ Սյունիքի կողմից: Նա պաշարեց Երնջակ անառիկ բերդը, ուր պահվում էին Ատրպատականի տեր Ջալաիրյանների հարստությունները: Նա չկարաղացավ գրավել Երնջակն ու ասպատակներ սփռեց Հայաստանով մեկ: Թեմուրին ամենուր մեծ դիմադրություն էր սպասվում հայոց երկրում: Հատկապես հզոր դիմադրություն ցուցաբերեցին կարբեցիները իշխան Մարտիրոսի գլխավորությամբ: Նույնը` Շահապոնք բերդի դիմադրությունը Պռոշյանների հրամանատարությամբ, Ծարի Դոփյանները… Թեմուրին ուժեղ դիմադրություն ցուցաբերեցին նաև Երևանն ու Արշարունիքի Կապույտ բերդը: Գրավելով Երևանը՝ Լենկ Թեմուրը առանձնակի դաժանությամբ կոտորեց քաղաքի բնակիչներին:

Ամեն դեպքում՝ ուժերն անհավասար էին և Թեմուրը ընկճելով հայության դիմադրությունը` հայտնվեց Թիֆլիսի պարիսպների տակ: Նա գրավեց քաղաքը, արյան նախճիր սարքեց այնտեղ ու հեռացավ Մուղան` ձմեռելու:

Մինչ Թիֆլիս հասնելը Լենկ Թեմուրը գրավեց ու հողին հավասարեցրեց Պղնձահանքը՝ ներկայիս Լոռու Ախթալա քաղաքը, որ շեն ու բազմամարդ բնակավայր էր: Սակայն Պղնձահանքի մատույցներում ամրակուռ ժայռերի մեջ պատսպարված ամրոցը գրավել չկարողացավ և ստիպված շրջանցեց այն: Մինչ օրս Ախթալայի բնակիչները անառիկ այդ ամրոցը կոչում են Լենկ Թեմուրի բերդ…

Հաջորդ տարի գարնանը Թեմուրն արշավեց Արևմտյան Հայաստան: Նա պաշարեց անառիկ Վանը: Քսանօրյա պաշարումից հետո գրավելով բերդը` հաշվեհարդար տեսավ պաշտպանների հետ` առանց ազգի ու դավանանքի խտրականության: Նա Վանի բերդից ցած նետեց բոլորին: Պատմիչների հավաստմամբ` այնքան շատ էին նետվածները, որ վերջիններն այլևս չէին մահանում` ընկնելով բազում դիակների վրա: Պարսպից շուրջ 7000 հոգի ցած նետվեցին: Սակայն Հայաստանի հարավում Թեմուրը պարտություն կրեց Կարա-կոյունլուների թուրքմենական ցեղախմբից ու ստիպված նահանջեց հետ:

Իր հետևից մահ ու ավեր թողնելով` ճիվաղը հեռացավ Սամարղանդ:

Հետագա տարիներին նա արշավեց Ռուսաստան` ընկճելով Ոսկե Հորդայի խան Թոխթամիշին: Ապա ջախջախելով Շահ Մանսուրի զորքերը` գրավեց Իրաքը, Միջագետքը: Ամենուր նա դաժանաբար կոտորածներ էր սարքում: Թեմուրի սիրած զբաղմունքն էր` գլխատված գլուխներից բուրգեր կառուցել: 1394 թվականին Թեմուրը գրավեց Միջագետքը, Միջագետքից դարձյալ մտավ Հայաստան: Նա գրավեց Երզնկան, Ուռհան, Ամիդը, Սուրմալուն, Կարսը, Բագարանը, ողջ Հայաստանը` կոտորելով հարյուր հազարավոր մարդկանց: 1400 թվականին գրավեց ու ավերեց Սեբաստիան: Նա ոչ միայն կոտորում էր հայությանը, այլև գերևարում ու հոծ զանգվածներով տեղափոխում Միջին Ասիա և Աֆղանստան: Հայության փոխարեն Հայաստանում բնակեցնում էր քոչվոր ցեղերի: Ապա Թեմուրը Հյուսիսային Կովկասի վրայով անցավ Ռուսաստան և Թերեքի ափին վճռական պարտության մատնեց Ոսկե Հորդային և գրավեց Աստրախանն ու Սարայը: Հզոր հարված հասցնելով Թոխթամիշի զորքերին՝ Թեմուրն իրավամբ, փրկեց Ռուսաստանը, քանզի Թոխթամիշը պատրաստվում էր վճռական ու կործանարար հարված հասցնել Մոսկվային:

Ապա ճիվաղը դարձյալ վերադարձավ Հայաստան ու Իրանի, Ատրպատականի ու Հայաստանի վրա կառավարիչ կարգեց իր Միրանշահ որդուն: Միրանշահից հետո այս երկրների կառավարումն անցավ Թեմուրի թոռանը՝ միջնադարի մեծ աստղագետ, փիլիսոփա և տոմարագետ Ուլուգբեկին:

Իր նվաճումների արդյունքում Լենկ Թեմուրը ստեղծեց հսկայական աշխարհակալություն, որի մեջ ընդգրկված էին Միջին Ասիան, Աֆղանստանը, Իրանը, Միջագետքը, Հայաստանը, Վրաստանը և Ատրպատականը
Նրա նպատակը թուրքական տերության վերջ դնելն էր: 1402 թվականին ջախջախեց սուլթան Բայազետ Ա-ին: Սրանով Լենկ Թեմուրը ոչ միայն երկարացրեց հոգևարք ապրող Բյուզանդական կայսրության կյանքը, այլև միառժամանակ Եվրոպան փրկեց թուրքական ասպատակություններից: Սուլթան Բայազետին ջախջախելուց հետո նա վերադարձավ Սամարղանդ` նախ Չինաստանը, ապա՝ ողջ արևմուտքը նվաճելու մտադրությամբ, սակայն 1404 թվականին Սամարղանդում հանկարծամահ եղավ:

Ռուս անվանի պատմաբան Սերգեյ Գլինկան, ով մանրամասն ուսումնասիրել է Լենկ Թեմուրի կյանքը, պնդում է, որ նա ծագումով հայ էր: Ավելին՝ պատմաբանի կարծիքով՝ Թեմուրը մինչև կյանքի վերջը հիշել է իր հայկական ծագման մասին և միշտ շրջապատված է եղել ազգակիցներով: Իր մայրաքաղաք Սամարղանդի շինարարությունը նա բացառապես վստահել է հայերին, հայերը Թեմուրի հսկայածավալ կայսրության մեջ կարող էին անարգել առևտուր անել…

Նա Արցախից 10000 հայ երիտասարդ տեղահանեց և բնակեցրեց Աֆղանստանում… գուցե այդ պատճառով շատ ուսումնասիրողներ Աֆղանստանի անունը փորձում են կապել Աղվանքի հետ: Այս պատանիները հետագայում իսլամ ընդունեցին ու դարձան ղզլայ մարտունակ ցեղախումբը: Նրանք շատ ռազմատենչ էին ու մի քանի անգամ փորձեցին աֆղանական գահը գրավել:

Հայերը Աֆղանստանում բնակվում էին մի լեռնադաշտի վրա ու խաշնարածությամբ էին զբաղվում: Մի տարի մեծ պասին տեղի քահանան խստիվ արգելեց հայերին կաթնամթերք օգտագործել, ինչը հայության փաստացի միակ սնունդն էր: Հայերն ըմբոստացան ու բոլորը իսլամ ընդունեցին… Այժմ էլ ղզլայիները մոտ 10.000 հոգանոց ցեղախումբ են ու Աֆղանստանի ամենամարտունակ, զորեղ ցեղախմբերից մեկն են համարվում: Այսպես հայ կղերի ապիկարության պատճառով ռազմատենչ այս ցեղախումբը հեռացավ հայությունից…

Լենկ Թեմուրի մասին ավանդույթ են հյուսել նաև սյունեցիները…

Երբ Լենկ-Թեմուրը գալիս հասնում է Արաքսի ափը, դեռ գետը չանցած` նրան ներկայանում է Մեհրի անունով մի դավաճան իշխան և ասում, որ եկել է Թեմուրին ծառայելու: Թեմուրի հարցին, թե ինչո՞վ նա կարող է ծառայել իրեն, իշխանը պատասխանում է. «Քանի Խոտ գյուղի գլխին գտնվող վանքի մեծ զանգը կա, դու չես կարող գրավել այս երկիրը, թշնամուն հեռվից տեսնելուն պես հնչեցնում են այդ զանգը և ժողովրդին հանում նրա դեմ:

Լենկ-Թեմուրը քիչ մտածելուց հետո ասում է. «Գնա, էդ զանգը վառի, փչացրու, ես քեզ շատ ոսկի ու իշխանություն կտամ»: Դավաճանը գնում է և գիշերով զանգի տակ կրակ վառում, կտրում նրա ձայնը: Լենկ-Թեմուրը զորքով անցնում է Արաքսը: Իմանալով այդ մասին, վանահայրը կանչում է զանգահարին ու կարգադրում շտապ զանգը տալ:

անգահարը որքան փորձում է, զանգը ձայն չի հանում: Վազում է վանահոր մոտ և ասում. «Ամեն բան զուր է, զանգը ձայն չի տալիս…»: Լենկ-Թեմուրը գալիս և գիշերով գրավում է ողջ Սյունյաց երկիրը, սկսում ավերն ու կոտորածը: Գյուղերում մարդիկ զարմանքով հարցնում եմ միմյանց. «Բա զանգն ինչո՞ւ չտվին»: Ոմանք էլ պատասխանում են.

«Զանգը զո~ւր է, զանգը զո~ւր է…»: Դրանից հետո գավառի անունը մնում է Զանգեզուր:

Հետաքրքիր պատմություն կա ավանդված Լենկ Թեմուրի անեծքի մասին.

1941 թվականի ամռանը Իոսիֆ Ստալինը մի խումբ հնագետների հրամայում է բացել Սամարղանդում գտնվող Լենկ Թեմուրի գերեզմանը: Ասում են, որ նրա գերեզմանում գրություն է հայտնաբերվել, որում ասվում էր. «Նա, ով կբացի իմ գերեզմանը, պատերազմի չար ոգին դուրս կթողնի, ավելի հզոր, քան` ես»: Երկու օր անց գերմանական զորքերը ներխուժում են Խորհրդային Միության տարածք:

Ստալինը 1942 թվականին հրամայել է վերահողարկավորել Լենկ Թեմուրի մնացորդները: Շատ չանցած՝ գերմանական բանակը ջախջախվում է Ստալինգրադի մոտ, ինչը բեկումնային է դառնում Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում:

Տարօրինակ է, բայց ճիվաղը իր հետքն է թողել նաև արվեստում.

Կաղ, կուզիկ ու միաչքանի Թեմուրը հանձնարարում է իր երկրի նկարիչներից մեկին` նկարել իրեն: Նկարիչը նկարում է այնպես` ինչպիսին կար բռնակալը` կաղ ու միաչքանի: Թեմուրը տեսնելով նկարը` հանձնարարում է գլխատել նկարչին: Այսպես արվեստում նշմարվում է ռեալիզմը:

Թեմուրի հրավիրած հաջորդ նկարիչը` իմանալով առաջին նկարչի պատմությունը, նրան նկարեց բոլորովին այլ կերպ. բարձրահասակ, հաղթանդամ, գեղեցիկ… Թեմուրը տեսնելով նկարը` գլխատել տվեց նկարչին:
Այսպես արվեստում ծնվեց ռոմանտիզմը:

Իսկ հրավիրված երրորդ նկարիչը Թեմուրի կուզիկությունը թաքցնելու համար` նրան պատկերեց ձիու վրա, և առողջ աչքի ու ոտքի կողմից: Թեմուրը տեսնելով նկարը` շատ հավանեց ու մեծ պարևների արժանացրեց նկարչին:
Այսպես արվեստում ծնվեց սյուրռեալիզմը…



Նման նյութեր