«Մեծ պատերազմն անխուսափելի է, իսկ մենք ոչ մի բան չենք ձեռնարկում դրան դիմակայելու համար». Գրիգոր Գրիգորյան
Advertisement 1000 x 90

«Մեծ պատերազմն անխուսափելի է, իսկ մենք ոչ մի բան չենք ձեռնարկում դրան դիմակայելու համար». Գրիգոր Գրիգորյան

Արդեն 15 օր է՝ Արցախն ամբողջական շրջափակման մեջ է. փակ է Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը: Ե՞րբ այն կբացվի, ինչի՞ գնով, այս փուլում Արցախ-Հայաստան ճանապարհային կապը խաթարելով ի՞նչ խնդիր է փորձում լուծել Ադրբեջանը:

Այս և այլ հարցերի շուրջ 168.am-ը զրուցել է «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» հասարակական կազմակերպության նախագահ, պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանի հետ:

– Այդպես էլ պիտի լիներ, քանի որ իշխանությունը չի կարողանում դիվանագիտական դաշտում իրականացնել այնպիսի քաղաքականություն, որ ամեն ինչ հօգուտ Հայաստանի լինի, դրա համար նման «պատիժներ» են լինում:

Այս իրավիճակի համար որքանո՞վ է մեղավոր և պատասխանատու ռուսական կողմը:

– Ես կարծում եմ, որ ռուսական կողմը սկսել է երկակի խաղ խաղալ: Բայց ինչ-որ առումով ռուսական կողմի այդ պահվածքը գալիս է հայկական կողմի պահվածքից: Այսինքն, եթե մենք ՌԴ-ի հետ ինչ-որ պայմանավորվածություն ենք ձեռք բերում, հետո վազում ենք և փորձում ենք տարբեր տեղերից այլ բաներ կամ փողեր ստանալ՝ ռուսին գցելով, բնական է՝ ՌԴ-ն փորձելու է «պատժել», ինչն այսօր արվում է: Այս պահին ես չեմ կարող ասել, որ ռուսական կողմը բացահայտ Ադրբեջանին է պաշտպանում, բայց չի էլ ընդդիմանում՝ հասկացնելով, թե՝ դուք եք նման իրավիճակ ստեղծել, որ մենք ձեզ հետ նման կերպ վարվենք:

Արցախի նկատմամբ իր պահանջների և նկրտումների կողքին այս օրերին Ադրբեջանը չի ստվերում ՀՀ-ի նկատմամբ տարածքային պահանջներն ու նպատակները, ավելին՝ այն նոր փուլ է որոշել տեղափոխել: Իլհամ Ալիևը հայտարարել է, որ սեպտեմբերի 13-14-ի ռազմական օպերացիայի նախաձեռնումն իրենց կողմից թույլ տվեց ամրապնդել Ադրբեջանի անվտանգությունը՝ հաշվի առնելով «ՀՀ-ում ռևանշիստական ուժերի ակտիվացումը»:

– Կարելի է ասել, որ ինչ-որ առումով սեպտեմբերյան մարտերի ժամանակ Ադրբեջանն ավելի շատ խնդիր է լուծել, քան 44-օրյա պատերազմի ժամանակ: Այսինքն, 2-3 օրվա մեջ իրենք կարողացել են ավելի շատ խնդիր լուծել, քան 44-օրյա պատերազմի առաջին մոտ 15 օրվա ընթացքում: Ես միշտ էլ ասել եմ՝ մեծ պատերազմն անխուսափելի է, իսկ մենք ոչ մի բան չենք ձեռնարկում դրան դիմակայելու համար:

Բանակը չե՞ն պատրաստում պատերազմի:

– Կան նվիրյալ զինվորներ, սպաներ, որոնք պատրաստակամ են մինչև վերջ գնալ, սակայն եղել են դեպքեր, երբ հակառակորդը դիրքը գրավել է առանց մի փամփուշտ կրակելու: Իհարկե, ոչ բոլոր տեղերում է այդպես: Բայց լրջագույն խնդիրներ կան՝ բարոյահոգեբանականից մինչև դիրքերի կահավորում և այլն: Այսօր մեր ղեկավարությունը, մասնավորապես, Պաշտպանության նախարարության ղեկավարությունը ոչինչ չի անում, որ բանակը զարգանա, նոր կահավորված և ամուր դիրքեր ունենանք՝ թշնամուն դիմակայելու համար:

Իշխանությունը, պաշտպանության նախարարության ղեկավարությունը վստահեցնում են, որ ամեն ինչ արվում է, դիրքերը կահավորվում են…

– Շատ բան են ասում: Թող լրագրողական կամ հասարակական կազմակերպություններից բաղկացած անաչառ խումբ տանեն և ցույց տան, ապացուցեն, որ լուրջ բան են արել:

Այսօր բանակում ինչի՞ վրա պետք է դրվի շեշտը:

Առաջին՝ հայրենասիրական դաստիարակություն պիտի սերմանվի, քանի դեռ այսօրվա պայմաններում ենք, մեր, այսպես կոչված, հակառակորդին պիտի դիտարկենք՝ որպես թշնամի, ոչ թե խաղաղասեր երկիր կամ բարեկամ, երկրորդ՝ զինվել, համալրել մեր զինանոցը, երրորդ՝ պետք է վերացնել հեռախոսն ու ինտերնետը, և ամեն ինչ խստացվի, կանխվի արտահոսքը բոլոր առումներով: Չորրորդ՝ մարտական հերթապահության հետ կապված խնդիրները պիտի լուծվեն, զինվորները դիրքերից չեն իջնում շատ հաճախ, երկար են մնում, հինգերորդ՝ լուրջ զորավարժություններ պիտի անցկացվեն, վեցերորդ՝ ամեն մեկն իր տեղում պիտի լինի, ճիշտ նշանակումներ պիտի արվեն: Բայց մենք այսօր կադրերի խնդիր ունենք ոչ միայն նշվածի առումով, այլ, որ զորացրվելու ցանկություն ունեցողները քիչ չեն:

Բայց իշխանությունները փորձում են բարձրացնել զինվորական ծառայության գրավչությունը, բարձր աշխատավարձ տալ…

– Եթե այսօր նայենք սպայի գործառույթները և աշխատավարձը, բացարձակ բարձր չէ, հատկապես, եթե համեմատում ենք ասֆալտի վրա ծառայող ոստիկանի ստացածի հետ: Եթե նա այսօր ստանում է 400.000 դրամ, բանակում ծառայողը, մարտական հերթապահության համար պատասխանատուն, իրականացնողը պիտի 3 մլն դրամ ստանա: Պրոֆեսիոնալ բանակից են, չէ՞, խոսում:

Ստացվում է՝ գաղափարը հանում են, փորձում են միայն գումարով սպաներին պահել բանակում: Այո, բարձր աշխատավարձը շատ կարևոր է, և սպան պիտի բարձր աշխատավարձ ստանա՝ պարեկից շատ: Բայց հնարավո՞ր է միայն գումարով բանակում մարդ պահել, կադրերի խնդիր լուծել:

– Իհարկե՝ ոչ: Բայց այս համատեքստում պիտի ասեմ, որ չնայած առկա խնդիրներին, մեր զինվորները չեն տրտնջում, պատրաստ են երկար դիմակայել: Բայց միայն իրենց ոգու և անձնազոհության շնորհիվ ինչքա՞ն կարելի է այս ազգին պահել:

Ինչո՞ւ բանակը համակերպվեց հետպատերազմյան, բանակի հեղինակությանը վնասող իրավիճակին, ԳՇ նախկին ղեկավարությունը միայն հայտարարությամբ ընդդիմացավ, ղեկավարության փոփոխությունից հետո ոչ մի կերպ բանակը չընդդիմացավ:

Նրանք, որոնք չեն դողացել իրենց պաշտոնների համար, թողել և դուրս են եկել, այդպիսիք քիչ են մնացել: Ձիգ սպաներ կան, որոնց նկատմամբ քրեական գործեր կան հարուցված: ԳՇ-ն ժամանակին չէր կարող գնալ կտրուկ քայլերի, չէր էլ նախատեսել:

Ժողովուրդը բանակի կողքի՞ն է:

– Ժողովո՞ւրդը, թե՞ ազգը: Հայտնի ֆիլմում մի զրույց կա՝ Ռոստամի և Թուլատի, որտեղ Թուլատին հարցնում են՝ «ժողովուրդն ի՞նչ է», նա պատասխանում է՝«մի խառնամբոխ է, կեղծավոր, բռնակալներին հլու-հնազանդ…», Ռոստամը համաձայնում է՝ «այո, տականք է, եթե հլու է նա բռնակալին» և ավելացնում՝ «իսկ ճշմարտության գոտեմարտի մեջ նա մի հերոս է, փարոս լուսավոր»: Ես չեմ ուզում ժողովուրդ բառն օգտագործել, կա ազգային մտածելակերպ և ազգային արժեքներ: Իսկ ազգային արժեքներ և մտածելակերպ կրող անձինք ՀՀ-ում այսօր շատ չեն մնացել, որոնք կարողանան իրար հետ լեզու գտնել և լուրջ գործողություններ իրականացնել: Բոլորին մասնատել են:

Եթե այլ իշխանություն լինի, բանակը կարո՞ղ է արագ վերականգնել:

– Հեշտ չի լինի, բայց հնարավոր է: Երբ 1992 թվականին կազմավորվում էր բանակը, մենք հազար անգամ ուժեղ և մարտունակ բանակ ունեինք, քան այսօր ունենք, երբ այն ժամանակ սնունդ չկար, շոր չունեինք, բայց գաղափարախոսություն, հայրենասիրություն, մտածելակերպ կար, հիմա դա չկա: Այն դեպքում, երբ սպասվում է մեծ պատերազմ, ավելին, քան 44-օրյան: Իսկ դրա արդյունքում՝ կամ կապրենք, կամ՝ չգիտեմ ինչ կլինենք, կամ ազգը կգոյատևի, կամ… բայց ապրելու ենք:

Պատերազմելու կարողություն չունենք, իշխանության առաջարկած խաղաղությունն էլ մեզ ձեռնտու չէ, տանելու է կործանման, երրորդ տարբերակ կա՞:

– Իշխանափոխություն, ազգային գաղափարախոսությամբ նոր իշխանության ձևավորում:

Երկրորդ՝ սա հետևանք է նրա, որ պատերազմից հետո առանց կրակոցի Արցախի տարածքները հանձնեցինք՝ Քարվաճառ, Քաշաթաղ, Ակնա և այլն: Եվ պարզ էր՝ օրերից մի օր դա հանգեցնելու էր այս օրվան, այս խնդրին: Ադրբեջանը չի սահմանափակվելու սրանով, իրենք էլ են դա ասում: Ամեն օր կտոր-կտոր ուզելու են, մինչև Արցախը լիարժեք իրենցը լինի: Ադրբեջանն ամբողջ Արցախն է ուզում: Հիմա ճանապարհ փակելը գործելաձև է, մեթոդ՝ փորձելու ճնշում գործադրել, այնպիսի պայմաններ ստեղծել, որ մարդիկ հիասթափվեն և սկսեն լքել տարածքները: Իրենք դրան են ուզում հասնել:

 



Նման նյութեր