Ամերիկացի դերասան Առնոլդ Շվարցենեգերն իր Facebook-ում զետեղել է «Հետևանքներ» (Aftermath) ֆիլմի թրեյլերը, որում կատարել է ռուսաստանցի ճարտարապետ Վիտալի Կալոևի դերը:
Կինոնկարն էկրաններ կբարձրանա ապրիլի 7-ին: Ռեժիսորն Էլիոտ Լեսթերն է («Առանց փոխզիջումների»): Ֆիլմում նաև նկարահանվել են Սքութ Մաքնեյրին, Մեգի Գրեյսը և Մարտին Դոնովանը:
Կինոնկարը հիմնված է իրական իրադարձությունների վրա:
2002 թականին Բոդենս լճի վրա տեղի ունեցած ավիաաղետում Վիտալի Կալոևը կորցրեց ընտանիքը: Skyguide ավիակարգավարական ընկերության աշխատակցի սխալի պատճառով բախվեցին երկու ինքնաթիռներ, զոհվեց 71 մարդ, այդ թվում՝ Կալոևի կինը և երկու երեխաները: 478 օր անց նա սպանում է ավիակարգավար Պիտեր Նիլսենին: 2005 թվականին Կալոևը Շվեյցարիայում դատապարտվում է ութ տարվա բանտարկության: 2007 թվականին վաղաժամկետ ազատ է արձակվում օրինակելի վարքի համար:
2008 թվականին նա դարձել է Հյուսիսային Օսիայի շինարարության և ճարտարապետության փոխնախարար: