Ինչպես փոխհատուցել նստակյաց աշխատանքի պատճառած վնասը
Advertisement 1000 x 90

Ինչպես փոխհատուցել նստակյաց աշխատանքի պատճառած վնասը

Նստակյաց աշխատանքի բացասական հետեւանքները կարելի է փոխհատուցել յուրաքանչյուր կես ժամը մեկ հինգ րոպե քայլելով։ Կոլումբիայի համալսարանի գիտնականների հետազոտությունը հրապարակվել է Medicine & Science in Sports & Exercise-ում։

Գիտնականները թեստավորել են վարժությունների մի քանի տարբերակներ. մեկ կամ երկու րոպե քայլել նստակյաց աշխատանքի յուրաքանչյուր 30 կամ 60 րոպեն մեկ։ Հետազոտությանը մասնակցել է 11 մեծահասակ։ Մասնակիցները էրգոնոմիական աթոռին նստել են ութ ժամ՝ վեր կենալով միայն իրենց համար նախատեսված ֆիզիկական բեռնվածության համար՝ քայլք վազքուղում կամ դեպի զուգարան։

Հետազոտողները հետեւել են յուրաքանչյուր մասնակցին եւ պարբերաբար չափել նրանց զարկերակային ճնշումը եւ արյան մեջ շաքարի մակարդակը։ Մասնակիցներին թույլատրվել է աշխատել նոութբուքով, կարդալ եւ օգտվել հեռախոսից պարապմունքների ժամանակ։ Բոլոր մասնակիցները միանման սնունդ են ստացել։

Շարժումների օպտիմալ քանակությունը յուրաքանչյուր 30 րոպեն մեկ հինգ րոպե քայլելն է եղել։ Այս միջամտությունը զգալիորեն նվազեցրել է ինչպես շաքարի մակարդակն արյան մեջ, այնպես էլ իջեցրել է արյան ճնշումը (սնդիկի սյան 4-5 միլիմետրով)։ Բացի այդ, արյան մեջ շաքարի բարձրացումն առատ ուտելիքից հետո իջել է 58 տոկոսով՝ նստած վիճակի համեմատ, երբ վարժություններ չեն կատարվել։

Յուրաքանչյուր 60 րոպեն մեկ քայլքը (մեկ կամ հինգ րոպե) որեւէ օգուտ չի բերել, իսկ յուրաքանչյուր կես ժամը մեկ 1 րոպե քայլելը չափավոր նպաստավոր ազդեցություն է ունեցել։ Յուրաքանչյուր կես ժամը մեկ քայլելը հանգեցրել է հոգնածության զգալի նվազման եւ տրամադրության բարձրացման։ Քայլքի ռեժիմներից ոչ մեկը չի ազդել կոգնիտիվ ֆունկցիաների վրա։

Գիտնականների կարծիքով՝ իրենց աշխատանքի արդյունքները ցույց են տալիս, որ անգամ ոչ մեծ զբոսանքը աշխատանքային օրվա ընթացքում կարող է զգալիորեն նվազեցնել սրտային եւ քրոնիկական այլ հիվանդությունների հավանականությունը։

news.am