Ինչ է տեղի ունենում օրգանիզմի հետ, երբ դրսում չափազանց ցուրտ է
Advertisement 1000 x 90

Ինչ է տեղի ունենում օրգանիզմի հետ, երբ դրսում չափազանց ցուրտ է

Ձմռան հենց առաջին իսկ օրը Երևանում կտրուկ ցրտեց։ Elle.ru-ն որոշել է պարզել, թե ինչպես է ցուրտն ազդում մեր օրգանիզմի վրա։ Պարզվել է, որ ցածր ջերմաստիճանը տարբեր ազդեցություն է ունենում մարմնի տարբեր մասերի վրա։ Բժիշկ Դանիել Աթկինսոնը Treated.com-ից հստակ բացատրում է, թե ինչպես և ինչ կարող ենք անել դրա դեմ:

Ուղեղ

Ուղեղի հիպոթալամուսն արձագանքում է ցրտին՝ արտադրելով հորմոններ, որոնք անհրաժեշտ են մարմնի ջերմաստիճանը կարգավորելու և կենսական օրգանները տաք պահելու համար: Միաժամանակ, ցածր ջերմաստիճանից արյունատար անոթները նեղանում են։ Երբ մարմինը երկար ժամանակ ենթարկվում է ծայրահեղ ցրտի (հիպոթերմիա), հիպոթալամուսի գործառույթը կարող է ազդել մտածողության գործընթացի վրա, ուստի ցրտահարված մարդը կարող է կորցնել հստակ մտածելու ունակությունը:

Սիրտ

Ձմռանը մարմինը պետք է ավելի շատ թթվածին ընդունի և ավելի շատ արյուն մղի կենսական օրգանների շուրջ՝ տաքանալու համար, այնպես որ, սիրտն արագանում է՝ բավարարելու այդ կարիքը:

Ոտքերի և ձեռքերի մատներ

Արյան հոսքի խանգարումը հատկապես ազդում է ձեռքերի և ոտքերի մատների վրա (սա անմիջապես նկատելի է, քանի որ մատները սպիտակում են, իսկ հետո՝ կապտում), ինչը հանգեցնում է թմրության և, ի վերջո, ցավի և բշտիկների (ցրտահարության): Որոշ դեպքերում հյուսվածքը, որը երկար ժամանակ ենթարկվել է բացասական ջերմաստիճանի (խորը ցրտահարություն), կարող է մահանալ և պահանջում է վիրահատական ​​միջամտություն: Բայց դրա համար անհրաժեշտ է առնվազն կես ժամ անցկացնել սաստիկ սառնամանիքի մեջ առանց հագուստի:

Քիթ

Քթի ներսում մաշկը կարող է չորանալ, ճաքճքել և դառնալ ավելի զգայուն:

Թոքեր

Սովորաբար քիթը, բերանը և կոկորդը տաքացնում և խոնավացնում են օդը մինչև այն թոքեր հասնելը: Բայց եթե դրսում շատ ցուրտ է, օդը չի հասցնում տաքանալ, դրա պատճառով շնչուղիների մկանային հյուսվածքը կարող է ջղաձգվել, ինչը հանգեցնում է դժվար շնչառության և հազի առաջացման:

Շուրթեր

Շուրթերի բարակ մաշկը սառը եղանակին կարող է չորանալ և ճաքճքել։ Այսպիսով, ձմռանն ավելի մեծ ուշադրություն դարձրեք շուրթերի խնամքին:

Մկաններ

Երբ դուրս ենք գալիս ցրտին, առաջին րոպեներին օրգանիզմում կարող է առաջանալ մկանների ակամա կծկում (սա անհրաժեշտ է օրգանիզմին էներգիա առաջացնելու և արյան շրջանառությունն ուժեղացնելու համար): Այն բանից հետո, երբ մարմինը վարժվում է ցածր ջերմաստիճանին, դողն անհետանում է։

Ինչպես պաշտպանվել

Տաք հագուստ

Համոզվեք, որ եղանակին համապատասխան եք հագնված: Ջերմային ներքնազգեստ կամ հագուստի մի քանի շերտ, տաք ձեռնոցներ և հաստ գուլպաներ (հիշեք, որ վերջույթները պահանջում են հատուկ պաշտպանություն):

Աշխատեք քիչ ժամանակ անցկացնել փողոցում

Զրոյից ցածր ջերմաստիճանի դեպքում աշխատեք դրսում շատ ժամանակ չանցկացնել: Բայց եթե, այնուամենայնիվ, պետք է որոշ ժամանակ անցկացնեք փողոցում, ուշադրություն դարձրեք վերևի պարբերությանը:

Շարժվեք

Որքան անշարժ լինեք, այնքան ավելի արագ կսառչեք։ Այսպիսով, փորձեք ակտիվ մնալ, նույնիսկ, եթե ներսում եք:

Տաք ապուր կերեք

Սառը եղանակին տաք կերակուրներն ու ըմպելիքներն օրգանիզմին օգնում են պահպանել անհրաժեշտ ջերմությունը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը