Ամերիկացի գիտնականները հայտնաբերել են կենսամարկերներ, որոնք կապված են նիհարելուց հետո քաշը կայուն պահպանելու հետ եւ կարող են օգնել մշակել քաշն իջեցնելու անհատականացված դիետաներ։ Սթենֆորդի համալսարանի գիտնականների հետազոտությունը հրապարակվել է Cell Reports Medicine ամսագրում։
Փորձին մասնակցել է 609 մարդ, որոնք գրանցել են իրենց կերած մթերքները եւ ֆիզիկական բեռնվածության տվյալները մեկ տարվա ընթացքում։ Ընդ որում՝ նրանք հետեւել են ճարպերի կամ ածխաջրերի ցածր պարունակությամբ դիետայի։
Հետազոտությունը ցույց է տվել, որ կալորիաների կամ ֆիզիկական վարժությունների կրճատումը բավական չի եղել նիհարելուց հետո քաշը պահպանելու համար։ Մարդիկ, որոնք կալորիաների նույն քանակությունն էին օգտագործել, արդյունքում կարող էին ինչպես քաշ հավաքել, այնպես էլ պահպանել այն։
Գիտնականները պարզել են մի քանի կենսամարկերներ, որոնք դեռեւս մինչեւ նիհարելն էին «գուշակել», թե որքան հաջող կարող է մարդը կորցնել քաշը եւ պահել այն երկար ժամանակ։ Այդ կենսամարկերները կապված են աղիքային մանրէների կենսագործունեության հետ։
Եւս մեկ կարեւոր ցուցանիշ էր շնչառական գործակիցը՝ ներշնչվող թթվածնի եւ արտաշնչվող ածխաթթու գազի հարաբերակցությունը։ Ավելի ցածր հարաբերակցությունը նշանակում էր, որ օրգանիզմն այրում է ավելի շատ ճարպ, իսկ ավելի բարձր հարաբերակցությունը նշանակում էր, որ այն ավելի շատ ածխաջրեր է այրում։ Մարդիկ, որոնց մոտ հետազոտության սկզբում բարձր էր շնչառական գործակիցը, կորցրել են ավելի շատ քաշ ցածր ածխաջրային դիետայի դեպքում։ Այլ խոսքով, եթե մարդու օրգանիզմը նախընտրում է ածխաջրերը, նրա համար ավելի հեշտ կլինի նիհարել ցածր ածխաջրային դիետայով։
Գիտնականների արդյունքները, եթե դրանք հաստատվեն, կարող են ընկնել քաշը նվազեցնելու անհատականացված դիետաների հիմքում։ Հեղինակները նշել են, որ մինչ այդ հիմնական ուշադրությունը պետք է հատկացնել սննդի մեջ բարձրորակ չմշակված, չզտված ալյուրի, շաքարի եւ հագեցած ճարպերի ցածր պարունակությամբ մթերքների օգտագործմանը։