Գրիպը եւ COVID-19-ը ոչնչացնում են բնական իմունիտետի նախկինում անհայտ բաղադրիչը
Advertisement 1000 x 90

Գրիպը եւ COVID-19-ը ոչնչացնում են բնական իմունիտետի նախկինում անհայտ բաղադրիչը

Կանադացի գիտնականները հայտնաբերել են մեխանիզմ, որը մեծացնում է մահացու սնկային վարակի զարգացման ռիսկը կորոնավիրուսի եւ գրիպի դեպքում։ Կալգարիի համալսարանի գիտնականների հետազոտության արդյունքները հրապարակվել են Science Translational Medicine ամսագրում։

Հայտնի է, որ մարդիկ ամեն օր Aspergillus սնկերի հարյուրից հազարավոր սպորներ են շնչում: Առողջ մարդկանց համար սնկերը սովորաբար վտանգ չեն ներկայացնում, սակայն թուլացած իմունային համակարգ ունեցող մարդկանց մոտ դրանք կարող են մահացու վարակների պատճառ դառնալ: Վիրուսային վարակները կարող են մեծացնել Aspergillus-ով վարակվելու վտանգը նույնիսկ առողջ մարդկանց մոտ:

Նոր հետազոտության ընթացքում գիտնականները պարզել են, որ գրիպը եւ COVID-19-ը ոչնչացնում են բնական իմունիտետի նախկինում անհայտ բաղադրիչը, որն անհրաժեշտ է սնկային վարակներին դիմակայելու համար: Կենսաբանները մկների եւ մարդու արյան ու հյուսվածքների նմուշների վրա կատարված փորձերի ժամանակ ցույց են տվել, որ երկու տեսակի լեյկոցիտներ (նեյտրոֆիլներ եւ B բջիջների հազվագյուտ տեսակ) սովորաբար միասին են աշխատում սնկային վարակի դեմ պայքարելու համար: SARS-CoV-2-ը կամ գրիպը թույլ չի տալիս B բջիջներին փոխազդել նեյտրոֆիլների հետ՝ ոչնչացնելով սնկերը:

Ինչպես նշել են գիտնականները, նրանց ուսումնասիրությունը սկսվել է երիտասարդ պացիենտի մահով, ում բուժմամբ նրանք զբաղվել են։ Պացիենտը մահացել է գրիպի հետ կապված ասպերգիլեզից, ընդ որում՝ բուժման որեւէ հայտնի մեթոդ չի գործել: Նրանց աշխատանքի արդյունքները կօգնեն ոչ միայն դեղ մշակել, այլեւ ավելի արդյունավետ ախտորոշել եւ կանխել վարակները։

news.am