Պոռնոաստղ Ռոն Ջերեմին, ով մեղադրվում է 21 կնոջ բռնաբարության մեջ, խուսափել է պատժից՝ տկարամտության պատճառով։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։
Լոս Անջելեսի Գերագույն դատարանը որոշել է, որ պոռնոդերասանը տառապում է անբուժելի նեյրոկոգնիտիվ անկումով (տկարամտության ծանր ձև): Դատավորն ասել է, որ տասնյակ բռնաբարությունների մեջ մեղադրվող Ջերեմին հոգեպես անկարող է կանգնել դատարանի առաջ:
Պոռնոդերասանի անգործունակ ճանաչվելու մասին հայտնի էր դարձել ավելի վաղ՝ հունվարի 9-ին։ Այդ ժամանակ Լոս Անջելեսի դատախազի տեղակալ Փոլ Թոմփսոնն ասել էր, որ Ջերեմին կխուսափի պատժից, քանի որ ապացույցներ չկան, որ նա կեղծում է ախտանիշները:
2022 թվականի մարտին Ջերեմին չէր ներկայացել դատական նիստին, որը պետք է առանցքային լիներ նրա գործով։ Փաստաբանի խոսքով՝ երբ ինքը խոսել է Ջերեմիի հետ, պոռնոդերասանը չի ճանաչել իրեն։ Դրանից հետո մեղադրյալին նշանակվել է հոգեբուժական փորձաքննություն։