Միչիգանի համալսարանի գիտնականները գնահատել են 5800 մթերք եւ ստեղծել են մարդու առողջության եւ շրջակա միջավայրի վրա դրանց ազդեցությունից կախվածության վարկանիշ: Հետազոտությունը հրապարակվել է Nature Food ամսագրում։
Պարզվել է, որ տավարի եւ վերամշակված մսի (նրբերշիկ, բեկոն) հաշվին ստացվող կալորիաների օրական քանակի 10 տոկոսից հրաժարվելը կարող է էական ազդեցություն ունենալ։ Եթե դրանք փոխարինեք մրգերից, բանջարեղենից, հատիկաընդեղենից եւ ծովամթերքից ստացված կալորիաներով, ապա կարող եք օրական ստանալ 48 լրացուցիչ րոպե առողջ կյանք, իսկ ջերմոցային գազերի արտանետումը մթնոլորտ, որը կապված է մեկ մարդու սննդի հետ, կնվազի մեկ երրորդով:
«Ընդհանուր առմամբ, դիետիկ ուղեցույցները չունեն հատուկ եւ գործնական խորհուրդներ, որոնք դրդում են մարդկանց փոխել իրենց վարքը: Եվ նրանք հազվադեպ են խոսում շրջակա միջավայրի վրա սննդի ազդեցության խնդրի մասին»,-հայտնել է հետազոտության համահեղինակ Կատերինա Ստիլիանոուն։
Գիտնականներն իրենց աշխատանքում օգտագործել են վերջերս մշակված դիետոլոգիական ինդեքսներ։ Դրանք արտացոլում են առողջ կյանքի րոպեների քանակը, որոնք կապված են տարբեր մթերքների օգտագործման հետ: Օրինակ՝ հոթ-դոգը կարող է օրական կրճատել 36 րոպե առողջ կյանք, իսկ դրա փոխարեն ընկույզի մեկ չափաբաժինը կավելացնի 26 րոպե:
Սննդի էկոլոգիական ազդեցությունը գնահատելիս հաշվի են առնվել դրա արտադրության, վերամշակման, թափոնների եւ մի շարք այլ գործոնների՝ շրջակա միջավայրի վրա ազդեցությունը։
Շրջակա միջավայրի եւ առողջության համար ամենաբարենպաստ մթերքներն են ընկույզը, մրգերը, բանջարեղենը, հատիկաընդեղենը, ամբողջահատիկ ձավարեղենը եւ ծովամթերքը: Առավել վնասակար եւ վտանգավոր են մսի տարբեր տեսակները (տավարի միս, խոզի միս, գառան միս), ներառյալ վերամշակված միսը:
Հետազոտության հեղինակները խորհուրդ են տալիս բոլորին ընտրել այնպիսի սնունդ, որը եւ՛ օգտակար է առողջության համար, եւ՛ նվազագույն բացասական ազդեցություն ունի շրջակա միջավայրի վրա: Նրանք կարծում են, որ որոշ վնասակար մթերքների նպատակային փոխարինումը օգտակար մթերքներով կարող է հսկայական ազդեցություն ունենալ: