Անգամ մեկ րոպե քայլելը բարելավում է առողջությունը
Advertisement 1000 x 90

Անգամ մեկ րոպե քայլելը բարելավում է առողջությունը

Օրվա ընթացքում պարբերաբար անգամ մեկ րոպե քայլելը կարող է առողջարար արդյունք ունենալ, պարզել են Կոլումբիայի համալսարանի հետազոտողները։

Գիտնականները հերթական անգամ հանրության ուշադրությունն են հրավիրել առողջությունը լավացնելու պարզ եւ անվճար միջոցի՝ քայլելու վրա, տեղեկացրել է ScienceDaily-ն։ Հետազոտողները պարզել են, որ քայլքի անգամ մեկ րոպեն օրվա ընթացքում կարող է դրական ազդեցություն ունենալ արյան մեջ շաքարի մակարդակի եւ արյան ճնշման վրա։

Մասնագետները նշել են, որ շարժվելու պակասը զանգվածային թրենդ է դարձել, ինչին ոչ քիչ չափով նպաստել է քովիդի համավարակը։ Գիտնականներն ընդգծել են, որ սպորտով զբաղվելը սակավարդյունավետ է, եթե, օրինակ, մարդն օրվա մեծ մասն անցկացնում է նստած։ Նրանք առաջարկել են մշտապես ֆիզիկական ակտիվություն գործադրել, անգամ եթե այն ժամանակի առումով երկարատեւ չլինի։

«Եթե աշխատանքային օրվա ընթացքում ամեն կես ժամը մեկ հինգ րոպեանոց զբոսանք կատարվի, ապա ակտիվության այդ տեսակը կօգնի իջեցնել արյան մեջ շաքարի մակարդակը եւ զարկերակային ճնշումը, ինչպես նաեւ կհանգեցնի տրամադրության լավացման եւ հոգնածության զգացողության նվազման»,- ասել են հետազոտողները։

Նրանք ավելացրել են, որ քայլելու որոշակի օգտակար էֆեկտը զգացվում է անգամ այն պայմաններում, երբ մարդը քայլում է մեկ րոպե, բայց դա անում է յուրաքանչյուր կես կամ մեկ ժամը մեկ։

news.am