Բրազիլիայի բնակիչ 60-ամյա Բալթազար Լեմոսը ցանկացել է իմանալ, թե քանի հոգի է գալու իր հուղարկավորությանը և կեղծել է իր մահը։ Այս մասին հայտնում է Oddity Central-ը։
Տղամարդն աշխատում է որպես հանդիսավար և իր կարիերայի ընթացքում հարյուրավոր թաղման արարողություններ է կատարել։ Լեմոսը նկատել է, որ մահացածներից մի քանիսի հուղարկավորության ժամանակ ներկա են եղել ընդամենը մի քանի հոգի, մինչդեռ մյուսների հուղարկավորությանը մի քանի հարյուր հյուրեր են լինում: Նա ուզում էր տեսնել, թե քանի մարդ կգա իրեն հրաժեշտ տալու, ուստի որոշել էր կեղծել իր մահը։
Հունվարի սկզբին Լեմոսը սոցիալական ցանցի իր էջում տեղադրել էր հիվանդանոցի ֆոնին արված լուսանկար։ Հաջորդ օրը նա հաղորդագրություն էր հրապարակել. «Այս տխուր օրվա սկզբում Բալթազար Լեմոսը լքեց մեզ: Լրացուցիչ տեղեկությունները՝ շուտով»: Տղամարդու ընտանիքը ցնցված էր այդ լուրից, և նրա զարմիկներից մեկը շտապել է հիվանդանոց՝ պարզելու, թե ինչ է տեղի ունեցել: Սակայն բուժհաստատության աշխատակիցները հայտնել են, որ Լեմոսի հոսպիտալացման մասին տեղեկություն չունեն։
Տղամարդու ընկերները սկսել են համացանցում տարածել ողբերգական լուրը՝ ցավակցություն հայտնելով և հարցնելով մահվան պատճառը։ Բացատրություն չի տրվել, փոխարենը Լեմոսի էջում հայտնվել է հրաժեշտի ու թաղման արարողության ժամն ու վայրը։
Հունվարի 18-ին տղամարդու հարազատներն ու ընկերները հավաքվել էին հայրենի քաղաքի փոքրիկ մատուռում՝ նրան հրաժեշտ տալու համար։ Հանկարծ դահլիճում լսվել է Լեմոսի ձայնը, և ներկաներից շատերը սկսել են լաց լինել՝ ենթադրելով, որ նա նախապես ձայնագրած է եղել իր ելույթը։ Մի քանի ակնթարթ անց կենդանի հանգուցյալը հայտնվել է հյուրերի առջև։
Ներկաները ցնցված էին և չգիտեին ինչպես արձագանքել. ոմանք սկսել են լաց լինել, իսկ ոմանք բերանները բաց կանգնել են։ Հենց Լեմոսը բացատրել է, որ կեղծել էր իր մահը, հյուրերը նրան մեղադրել են անսիրտության մեջ։
Լեմոսը պնդում է, որ չի ցանկացել վիրավորել իր մերձավորներին, բայց դա միակ միջոցն է եղել պարզելու, թե ով է սգալու իր մահից հետո։ «Ես որևէ մեկին վիրավորելու, նեղացնելու կամ վնասելու մտադրություն չեմ ունեցել։ Ես անկեղծորեն ներողություն եմ խնդրում այդ մարդկանցից»,- ասել է տղամարդը։