Օրերս ԱՄՆ Տեխաս նահանգի հայկական եկեղեցին ճանաչվել է ԱՄՆ-ի՝ 2022 թվականի լավագույն շինությունը՝ ըստ հեղինակավոր world-architects.com կայքի:
Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին, որը գտնվում է Դալլասի հյուսիսային Քերոլթոն արվարձանում, ստացել է ամենաշատ ձայները ԱՄՆ-ի 2022 թվականի տարվա շինություն անվանակարգում:
Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին օծվել է նախորդ տարի՝ 2022 թվականի ապրիլի 23-ին, իսկ առաջին կիրակնօրյա պատարագը մատուցվել է մեկ օր անց՝ ապրիլի 24-ին՝ 1915 թվականի Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի հիշատակման օրը։
Հատկապես Դալլաս-Ֆորտ Ուորթ մետրոպոլիտենում գտնվող մեգաեկեղեցիների համեմատ Սուրբ Սարգիսը փոքր եկեղեցի է, սակայն տեղի հայերի ամենասիրելիներից: Այն նախագծվել է 7-րդ դարում ստեղծված Սուրբ Հռիփսիմե եկեղեցու նախատիպով, ունի գեղեցիկ ու յուրատիպ ճարտարապետություն:
Նախորդ տարի նույն մրցանակին արժանացել էր Martin Luther King Jr. Memorial-ը (Մարտին Լյութեր Քինգ կրտսերի հուշահամալիր) մայրաքաղաք Վաշինգտոնում:
Ստորև` newsbook.am-ում հրապարակված հարցազրույցը` Դալլասի նորակառույց Սուրբ Սարգիս եկեղեցու ճարտարապետ Ստեփան Թերզյանի հետ։
– Օրերս Դալլասում օծվեց նորակառույց Սուրբ Սարգիս եկեղեցին, որի ճարտարապետը Դուք եք։ Եկեղեցին հայկական համայնքում միշտ կարեւոր դեր է ունեցել։ Ինչպե՞ս որոշվեց կառուցել եկեղեցի։
– Ձևավորվեց Ծխական խորհուրդ և Շինհարցերով զբաղվող կոմիտե։ Անպայման պիտի նշեմ Էլի Աքիլյանի անունը, որ գաղափարի հիմնական հովանավորն էր։ Ծխական խորհուրդը ձևավորվեց Էլիի՝ եկեղեցու կառուցման հիմնական հովանավորչությունը ստանձնելուց հետո։ Երբ գտանք հարմար տարածք, որտեղ պիտի կառուցվի եկեղեցին, պարոն Աքիլյանն իր միջոցներով գնեց այդ հողատարածքը՝ հովանավորելով նաև եկեղեցու կառուցման մյուս ծախսերը։
– Ցանկացած շինության կառուցման դեպքում կարեւոր է միջավայրը։ Ի՞նչ չափանիշներով, ի՞նչ սկզբունքով ընտրվեց հողատարածքը։
– Քանի որ Դալլասում հայկական համայնքը կենտրոնացած չէ կոնկրետ մեկ քաղաքում, այլ սփռված է Դալլասի արբանյակ քաղաքներում, այդ պատճառով խնդիր դրվեց գտնել այնպիսի տարածք, որը հարմար կլինի բոլորին։ Երկրորդ խնդիրն այն էր, որ տարածքը հնարավորինս ազատ լինի, շուրջը բարձր շինություններ չլինեն։ Երրորդը՝ լավ և ապահով թաղամաս լինի։ Եվ մեզ հաջողվեց գտնել այդպիսի հողակտոր, որը բարձունքի վրա է, և բավական հեռվից՝ մի քանի տարբեր ճանապարհներից, եկեղեցու գմբեթը երևում է։ Իսկ եկեղեցու բարձունքից չքնաղ տեսարան է բացվում։
Քանի որ տարածքը բավական մեծ էր՝ մոտ վեց հեկտար, կարևոր էր հստակ ծրագիր մշակել։ Արդյունքում որոշվեց, որ պիտի կառուցվի համայնքի կենտրոն՝ եկեղեցի՝ հարակից շինություններով, որը կդառնա Դալլասում և նրա հարակից քաղաքներում ապրող հայերին միավորող հավաքատեղի։ Եվ այս հարցում առանձնահատուկ ուշադրություն ենք դարձրել երեխաների, պատանիների ու երիտասարդների համար գրավչություն, հետաքրքրություններ ապահովելուն։ Արդյունքում որոշվեց, որ համալիրը պետք է ունենա ատլետիկ կենտրոն՝ մի առանձնաշենք իր բասկետբոլի, պինգ-պոնգի դահլիճներով, մանուկների համար հետաքրքիր սենյակներով ու խաղադաշտով, իր սրճարանով և այս ամենին կից լինի ֆուտբոլի դաշտ։ Մեր համայնքն ուներ կիրակնօրյա դպրոց, որը շատ փոքր էր։ Մենք կառուցեցինք մեծ կիրակնօրյա դպրոց, որ ժողովների և կոնֆերանսների, ռոբոտիքսի սենյակներ ունենա՝ հիմքում ունենալով Թումոյի գաղափարը։ Իսկ բուն համալիրի հիմքում հայկական վանքերն էին, որոնք եկեղեցական շենքից բացի այլ կցակառույցներ ունեին ժողովների, առանձին հավաքների համար և, հիմնականում, շրջապատված էին պարիսպներով։
– Ճարտարապետությունը նույնպես ազգային ինքնության նկարագիր է։ Այս առումով, եթե համեմատելու լինենք կաթոլիկ, ուղղափառ եւ առաքելական եկեղեցիները, ինչպիսի՞ ազգային նկարագիր կարելի է «կարդալ» ճարտարապետական, մասնավորապես, եկեղեցաշինության ձեռագրերի տարբերություններում։ Ի դեպ, որքան հայտնի է, ուղղափառ եկեղեցաշինության մեջ արգելվում են ճարտարապետական լեզվի փոփոխությունները, այդ պատճառով ուղղափառ եկեղեցիները նույնակերպ են՝ առանց զարգացումների։
– Իհարկե, սկզբունքորեն շատ մեծ տարբերություններ կան։ Կաթոլիկ և ուղղափառ եկեղեցաշինությունն աչքի է ընկնում դեկորատիվ էլեմենտների բազմազանությամբ, գույների հագեցվածությամբ, ոչ մի ազատ քառակուսի չես գտնի՝ գունազարդ է կամ ոսկեզօծ, ի տարբերություն առաքելականի, որը զուսպ է, ասկետիկ։ Ի դեպ, Սուրբ Սարգիս եկեղեցու դեպքում էլ ակնհայտ է ասկետիզմը, զսպվածությունը։ Ինձ ավելի հարազատ է մեր՝ հայկական եկեղեցաշինությունը, որովհետև, ըստ իս, ոսկեզօծ ու շքեղաշուք տաճարները կարծես ճնշեն և հիշեցնեն մարդկային անկատարությունը աստվածային կատարյալի համեմատ։ Սուրբ Սարգիս եկեղեցին կառուցելիս նպատակ ունեի, որպեսզի մարդն այստեղ զգա աստվածային խաղաղություն։ Այդ պատճառով էի այդքան կարևորել լույսի անսպառ ու անտեսանելի աղբյուրներ ստեղծելու լուծումները, այդ պատճառով էի խուսափել դեկորացիաներից։
Հարցազրույցը՝ Մարինա Բաղդագյուլյանի
Նյութի աղբյուրը ` Newsbook.am