Մեծ Բրիտանիայում ոստիկանները բռնել են հարբած տղամարդու կողմից գողացած կարապին և տարել անասնաբույժի մոտ։ Այդ մասին գրում է The Guardian-ը։
Պլիմութ քաղաքում անցորդները տեսել են ճանապարհի երկայնքով թափառող թռչունին, և ժամը 18։30-ի սահմաններում դեպքի վայր է կանչվել ոստիկանությունը։ Դեպքի վայր ժամանելուն պես ոստիկանները կարապին փաթաթել են վերմակով, ապա ծառայողական մեքենայով տարել անասնաբույժի մոտ։
Ոստիկանությունը հայտնել է, որ հարբած տղամարդը կարապին «տարել» է Պլիմութ նավահանգստից, որը քաղաքից մոտ երեք կիլոմետր հեռավորության վրա է:
Պլիմութի ոստիկանությունը Twitter-ում հրապարակել է կարապի լուսանկարը և գրել. «Մեր ոչ սովորական բանտարկյալը»:
Հաղորդվում է, որ կարապի գողանալու մեջ կասկածվող տղամարդը դեպքի վայրից հեռացել է մինչ ոստիկանության ժամանելը: