ԱՄՆ-ում կինը, որի մահն արձանագրել են բժշկական կենտրոնի աշխատակիցները, «վերակենդանացել է» թաղման բյուրոյում։ Այս մասին հայտնում է CBS News-ը։
66-ամյա կինը ապրել է Այովա նահանգի Ուրբանդեյլ քաղաքի հիշողության խնդիրներ ունեցողների կենտրոնում: 2022 թվականի դեկտեմբերի 28-ին նրան տեղափոխել են կենտրոնին կից հոսփիս՝ «ուղեղի ճանաչողական ֆունկցիաների ծերունական դեգրադացիա» ախտորոշմամբ։
Մի քանի օր կնոջ մոտ շնչառական խնդիրներ ու ցնցումներ են եղել։ Հունվարի 3-ի առավոտյան ժամը վեցին հոսփիսի աշխատակիցն արձանագրել է պացիենտի մահը: Դրանից հետո կենտրոնը կապ է հաստատել նրա հարազատների հետ եւ դիմել թաղման բյուրո։ Բյուրոյի տնօրենը ժամանել եւ պարզել է, որ կնոջն արդեն դրել են դիակների համար պարկի մեջ: Բացելով պարկը՝ նա նկատել է, որ «մահացածը» դեռ շնչում է։
Կանչով ժամանած բժիշկները հաստատել են, որ կնոջ զարկերակը շոշափվում է եւ թույլ շնչառություն կա, սակայն արտաքին գրգռիչների նկատմամբ այլ ռեակցիաներ չեն նկատվել։ Պացիենտին վերադարձրել են խնամքի կենտրոն, որտեղ նա մահացել է հունվարի 5-ին՝ հարազատներով շրջապատված։
Բժշկական կենտրոնին 10 000 դոլարի տուգանք է սպառնում Այովա նահանգի Վերահսկողության եւ բողոքարկման դեպարտամենտից: