Զույգը հայտնվել է Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում նշելով Վալենտինի օրը Մալդիվներում՝ պատմության մեջ ամենաերկար ստորջրյա համբույրով: Այս մասին հայտնում է Independent-ը։
40-ամյա Բեթ Նիլը՝ Հարավային Աֆրիկայից, և նրա 33-ամյա փեսացու Մայլս Կլուտյեն՝ Կանադայից, հանդիպել են հինգ տարի առաջ՝ օվկիանոսը պաշտպանելու ընդհանուր կրքի շնորհիվ: Նիլը դասավանդում է այդ ոլորտում և զբաղվում է ֆրիդայվինգով, մինչդեռ Կլուտյեն եղել է օվկիանոսի պահպանման ծրագրի կամավոր:
Զույգը երեխայի հետ թռել է Մալդիվներ։ Երեք օր սիրահարները մարզվել են բաց ծովում, որպեսզի գերազանցեն ստորջրյա ամենաերկար համբույրի ռեկորդը։ Արդյունքում նրանց համբույրը տևել է չորս րոպե վեց վայրկյան։ Նախորդ ռեկորդը եղել է երեք րոպե 24 վայրկյան և սահմանվել է 13 տարի առաջ։
Նիլը հայտարարել է, որ ցանկացել է գերազանցել այդ ռեկորդը, որպեսզի ոգեշնչի այլ մարդկանց սիրել ստորջրյա աշխարհը։ «Կիսվելով մեր ստորջրյա սիրո պատմությամբ՝ հույս ունենք ոգեշնչել ուրիշներին սիրահարվել կախարդական և հիասքանչ ստորջրյա աշխարհին: Օվկիանոսները մեր սիրո կարիքն ունեն, որպեսզի կարողանանք պահպանել դրանք ապագա սերունդների համար»,- ասել է Նիլը։
Չնայած այն հանգամանքին, որ Նիլը ֆրիդայվինգի քառակի չեմպիոն է, իսկ Կլուտյեն՝ փորձառու ֆրիդայվեր, երկուսն էլ ասել են, որ շատ դժվար է եղել գերազանցել ռեկորդը։ Զույգը պաշտոնական վկայական է ստացել Գինեսի ռեկորդների գրքից։