Փետրվարի 15-ին 83 տարեկան հասակում մահացել է 70-ականների ամերիկացի դերասանուհի և սեքս-խորհրդանիշ Ռաքել Ուելչը։ Նա մահացել է Լոս Անջելեսի իր տանը` կարճատև հիվանդությունից հետո։
Ուելչը ծնվել է Չիկագոյում` 1940 թվականի սեպտեմբերի 5-ին: Պատանեկությունից նա աչքի է ընկել իր արտիստիկությամբ, 19 տարեկանից սկսել է հանդես գալ սիրողական թատրոնում։ 1964 թվականից նա սկսել է իր առաջին կինոդերերը ստանալ Հոլիվուդում։
Հանրաճանաչությունը նա ձեռք է բերել 1966 թվականին՝ «Ֆանտաստիկ ճանապարհորդություն» և «Միլիոն տարի մ.թ.ա.» ֆիլմերի թողարկումից հետո։ 1974 թվականին Ուելչը մարմնավորել է Կոնստանս Բոնասիեին «Երեք հրացանակիրները. թագուհու կախազարդերը» ֆիլմում, որի համար նրան շնորհվել է «Ոսկե գլոբուս» մրցանակ։
1970-ականներին դերասանուհու գեղեցիկ արտաքինն ու համբավը նրան հասցրեցին այն բանին, որ դերասանուհին հայտնվեց Playboy ամսագրի շապիկին, որտեղ Ուելչը նկարագրվում էր՝ որպես «1970-ականների ամենացանկալի կինը»: