Ռուս հանրահայտ բժիշկ ու հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովի խոսքով՝ որովայնի ցանկացած սուր ցավ հուշում է անհապաղ բուժզննում անցնելու անհրաժեշտության մասին, գրում է medikforum.ru պորտալը։
Նրա խոսքով, եթե կանանց մոտ նման ցավ է նկատում որովայնի ստորին հատվածում, ապա խնդիրը կարող է պայմանավորված լինել վերարտադրողական համակարգի օրգանների վիճակի ու գործառույթների հետ կապված լուրջ խնդիրներով։։
«Այն կանանց մոտ, ովքեր հղի չեն, որովայնի ստորին հատվածում սուր ցավերի հաճախակի պատճառ են լինում ձվարանների պատռվածքը և արգանդի հավելումների թարախային ինֆեկցիոն- բորբոքային հիվանդությունները»,- նշել է բժիշկը։
Ինչպես ընդգծել է Մյասնիկովը, որովայնի շրջանում ցանկացած սուր ցավի ի հայտ գալն այն խնդիրն է, որի դեպքում անհրաժեշտ է անհապաղ խորհրդակցել բժշկի հետ։ Ընդ որում՝ սա վերաբերում է ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց, քանի որ գինեկոլոգիական խնդիրները նման ցավի միակ պատճառը չեն։
Բժշկի խոսքով՝ երբեմն որովայնի սուր ցավի միջոցով օրգանիզմը հուշում է օրգանների աշխատանքի խանգարումներով պայմանավորված կրիտիկական վիճակների մասին, ուստի անկախ ուղեկցող ախտանշաններից սուր ցավի դեպքում հարկավոր է անպայման դիմել բժշկին։