Շվեյցարիայի ոստիկանությունը հալված սառցադաշտում հայտնաբերել է 1974 թվականին անհետացած բրիտանացի զբոսաշրջիկի մարմնի մնացորդները: Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Տղամարդուն հայտնաբերել են ոստիկանության կողմից օդային խուզարկության ժամանակ Կորբասիեր սառցադաշտում։ Մարմինը տեսանելի է դարձել գլոբալ տաքացման հետեւանքով սառցադաշտի հալման շնորհիվ։
Տեղի իշխանություններն աշխատել են բրիտանական ոստիկանության և դիվանագետների հետ՝ հայտնաբերված տղամարդու ինքնությունը պարզելու համար: Պարզվել է, որ տղամարդը 32-ամյա բրիտանացի զբոսաշրջիկ է, ով անհետացել էր 1974 թվականի դեկտեմբերի 31-ին: «ԴՆԹ-ի վերլուծությունը, Միացյալ Թագավորության ոստիկանության հետ համագործակցությամբ, թույլ է տալիս հաստատել անհայտ կորածի ինքնությունը», – պարզաբանել են ոստիկանությունից։
Շվեյցարիայում սառցադաշտերն ընդամենը 85 տարում երկու անգամ կրճատվել են: Արդյունքում տեսանելի են դարձել երկար տարիներ առաջ մահացած ժայռամագլցողների և զբոսաշրջիկների մնացորդները։ Շվեյցարիայի իշխանությունների տվյալներով՝ 1925 թվականից ի վեր լեռներում անհետացել է ավելի քան 300 մարդ: Վերջին մի քանի տարիների ընթացքում սառցադաշտերի հալվելու շնորհիվ հայտնաբերվել են մեծ թվով մարմիններ, այդ թվում՝ 1942 թվականին անհետացած զույգի մնացորդները, որոնք հայտնաբերվել են 2017 թվականին։