Եվրոպան Արեգակից դեպի Երկիր թռչող վտանգավոր աստերոիդները հայտնաբերելու նպատակով արբանյակ կստեղծի
Advertisement 1000 x 90

Եվրոպան Արեգակից դեպի Երկիր թռչող վտանգավոր աստերոիդները հայտնաբերելու նպատակով արբանյակ կստեղծի

Եվրոպական տիեզերական գործակալությունն աշխատում է «Երկրի մոտ գտնվող օբյեկտները ինֆրակարմիր ճառագայթների լույսի ներքո դիտարկելու առաքելության» (NEOMIR) նախագծի վրա, որի նպատակն է ստեղծել հնարավորություն՝ հետևելու պոտենցիալ վտանգավոր աստերոիդներին, որոնք հնարավոր չէ հայտնաբերել գոյություն ունեցող միջոցներով, տեղեկացնում է Newatlas.com-ը:

Երկրի համար պոտենցիալ վտանգավոր աստերոիդների հայտնաբերմամբ այսօր հիմնականում զբաղվում են ցամաքային ռոբոտացված աստղադիտարանները։ Բայց դրանց համար կա կույր կետ՝ տիեզերքի այն հատվածը, որը գտնվում է Արեգակի և Երկրի միջև, որը դժվար է դիտարկել արևի շողերի պատճառով։ 2013 թ. Չելյաբինսկի վրա պայթած երկնաքարը եկել էր տիեզերքի հենց այդ հատվածից և հստակ ցույց տվեց, որ տիեզերքի այս շրջանը չի կարելի անտեսել։ Արեգակի մոտ կարող են լինել բազմաթիվ նմանատիպ օբյեկտներ, որոնք Երկրի վրա ընկնելու դեպքում կարող են լուրջ վնասներ պատճառել։

Դիտարկման ժամանակակից միջոցները բավականին լավ են կարողանում գտնել հարյուր և ավելի մետր տրամագծով մեծ աստերոիդներ: Նման օբյեկտներ մարդկությունը պետք է սովորի հայտնաբերել Երկրի հետ դրա հնարավոր բախումից շատ՝ առնվազն տասը տարի առաջ։ Իրականում Երկրի համար պոտենցիալ վտանգավոր գրեթե բոլոր օբյեկտներն արդեն բացահայտված և ցուցակագրված են, և դրանց նկատմամբ, այսպես ասած, հսկողություն է սահմանված։ Խնդիրը 200 տարին մեկ ի հայտ եկող գիսաստղերի հետ է կապված, բայց դա այլ պատմություն է, և դրա դեմ ոչինչ անել հնարավոր չէ: Բայց մի քանի տասնյակ մետր տրամագծով ոչ մեծ աստերոիդների վաղ հայտնաբերման դեպքում ինչ-որ բան կարելի է անել։

Եվրոպական NEOMIR նախագիծը նախատեսված է համեմատաբար փոքր աստերոիդների համար, որոնց կփնտրի ոչ թե տեսանելի, այլ ինֆրակարմիր տիրույթում։ Երկրից նման նախագիծ իրականացնելն անհնար է, բացառությամբ, եթե աստղադիտակը օդանավով կամ օդապարիկով բարձր մթնոլորտ բարձրացվի, իսկ տիեզերքում դիտումների համար խոչընդոտներ չեն լինի։

NEOMIR ինֆրակարմիր տիեզերական աստղադիտակը կտեղադրվի L1 Lagrange կետում՝ Երկրի և Արեգակի միջև: Տասը մետր և ավելի տրամագծով աստերոիդները հնարավոր կլինի հայտնաբերել Երկրի հետ հնարավոր բախումից առնվազն երեք շաբաթ առաջ, իսկ վատագույն դեպքում՝ բախումից երեք օր առաջ։ Այս ժամանակը բավարար կլինի սպասվող բախման գոտուց մարդկանց տարհանելու համար։ NEOMIR աստղադիտակը, բնականաբար, չի կանխի աստերոիդի հնարավոր բախումը Երկրի հետ, սակայն կօգնի փրկել բազմաթիվ կյանքեր։ NEOMIR-ը նախատեսվում է իրագործել 2030-ականներին։

Երկրի համար պոտենցիալ վտանգ ներկայացնող օբյեկտներին վաղ փուլում հայտնաբերելու նպատակով NASA-ն նախատեսում է օգտագործել Երկրի մերձակայքում գտնվող օբյեկտներին վերահսկող (Near-Earth Object (NEO) Surveyor) աստղադիտակը, որը պետք է գործարկվի 2026 թ․։ Ակնկալվում է, որ այն կկարողանա շատ արդյունավետ կերպով հետազոտել Արեգակնային համակարգը , ներառյալ կույր կետերը, որոնք առաջանում են արևի լույսի պատճառով։

Ավելի վաղ Չինաստանն առաջարկել էր վտանգավոր աստերոիդների մասին նախազգուշացնող նոր համակարգ ստեղծել։ Չինացի հետազոտողներն առաջարկել են Վեներայի նման ուղեծրերում տեղակայել վեց տիեզերական ապարատից բաղկացած նոր համակարգ, որի նպատակը կլինի Երկրին պոտենցիալ սպառնացող աստերոիդներին հնարավորինս շուտ հայտնաբերելն ու այդ մասին նախազգուշացնելը։

News.am